Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ՀՀ-ին հարված հասցնելու մասին լուրը
Ես չեմ կարող հաստատել կամ հերքել հրապարակման իսկությունը, իսկ եթե նման հարց կա, այն պետք է նախ մեկնաբանեն թուրքական կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հրապարակմանը, թե թուրքական օդուժը տարիներ առաջ պատրաստվել է հարված հասցնել Հայաստանին:
«Անհրաժեշտություն չկա հատուկ շեշտելու, որ հարցն իր մեջ լուրջ անհանգստանալու առիթ է պարունակում, դրա համար հայկական կողմը շարունակում է հետևել զարգացումներին»,- ասել է Մնացականյանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է վարել Հայաստանին վնասող քաղաքականություն:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին:
Համաձայն ներկայացված նյութերի՝ ծրագրված է եղել «Oğuztürk» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին: