25.11.2024
Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշումն ընդունելի չէ. գլխավոր դատախազ
prev Նախորդ նորություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը ՀՀ նախագահին հրավիրել է Դավոս

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է.


«Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում, 2020 թվականի հունվարի 21-24-ը։


Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքը, որը միավորում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ տարեսկզբին ձևավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։


Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության վերաբերյալ:


Ինձ համար պատիվ կլինի ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Դավոսում՝ առաջատար փորձագետների, գործարարների և կառավարությունների ղեկավարների հետ քննարկումներ ունենալու տեխնոլոգիաների, հատկապես քվանտային հարցերին առնչվող օրակարգի շուրջ։


Ակնկալում եմ Ձեր ակտիվ ներգրավվածությունը և ուրախ կլինեմ ողջունելու Ձեզ հունվարին՝ Ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը»։


Նշենք, որ դեռևս այս տարվա հոկտեմբերի 7-ին Ժնևում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։