26.11.2024
Հայտարարվել է Ադրբեջանի բնակչության թվաքանակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պանթուրքիստական միջանցք է կառուցում Թուրքիայի և Արևմուտքի համար

Ադրբեջանն ու Ղազախստանը ստեղծում են Եվրոպայի և Ասիայի միջև թվային հեռահաղորդակցական միջանցք: Ադրբեջանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարներ Ալի Ասադովը և Ասկար Մամինը տվել են TransCaspian Fiber Optic (TCFO) նախագծի՝ Կասպից ծովի հատակով կապի օպտիկա-թելային գծի շինարարության մեկնարկը:


Սա անդրմայրցամաքային նախագիծ է, որի նպատակն է թվային հեռահաղորդակցական կապ ստեղծել Եվրոպայի և Ասիայի միջև:


Ադրբեջան-Ղազախստան լոգիստիկ-էներգետիկ միջանցքի հիմքում տնտեսական շահից բացի ընկած են նաև գեոպոլիտիկ նպատակներ՝ պանթուրքիստական միջանցքի կառուցումը Ռուսաստանի սահմանների երկայնքով: Ադրբեջան-Ղազախստան միջանցքի կյանքի կոչումը բխում է առաջին հերթին Թուրքիայի շահերից, որը ցանկանում է միավորել թյուրքական աշխարհն ու Ադրբեջանը, որպես կովկասյան պլացդարմ օգտագործելով դուրս գալ թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝ Ղազախստան ու Թուրքմենստան, որոնք նաև մերձկասպյան նավթով ու գազով հարուստ երկրներն են:


Թուրքիայի և Ղազախստանի համար ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային  Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, թե՛ ղազախական կողմին՝ ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:


Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:


Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը:


Պանթուրքական միջանցքն անցնելու է Վրաստանով ու Ադրբեջանով ու մաս է կազմելու նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գեոպոլիտիկ շահերի, որոնք ցանկանում են նվազեցնել ՌԴ-ի ազդեցությունը հետխորհրդային երկրներում: Ռուսական սահմանների երկայնքով այդպիսի միջանցքների ձևավորումը նպաստում է նավթագազային ռեսուրսների արտահանմանն Արևելք-Արևմուտք միջանցքով՝ շրջանցելով ՌԴ-ն ու նրա կովկասյան դաշնակից ՀՀ-ին: