25.11.2024
Սպիտակի երկրաշարժից տուժած 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա
prev Նախորդ նորություն

Հայաստանում գործարկվեց խոշորագույն արևային էլեկտրակայանը

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի ունեցավ Հայաստանի խոշորագույն՝ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը: Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։ Այս մասին հայտնում է ecolur-ը:


Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունները իրականացվեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերի՝ Հայկ Շեկյանի և Կարեն Ղազարյանի կողմից։


«Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ։ Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար, առանց ԱԱՀ», - նշել է Հայկ Շեկյանը:


«Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը», - հավելել է Կարեն Ղազարյանը։


Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին, ով իր խոսքում նշել է. «Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»։


Կայանը ֆինանսավորվել է «Արմսվիսբանկ»-ի կողմից գերհամանհայկական հիմնադրամի միջոցով։ Ներդրումների ծավալը 2մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Կայանի կառուցման համար կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով։


Կայանը զբաղեցնում է 4 հեկտար տարածք: