Սպիտակի երկրաշարժից տուժած 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա
1988թ–ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակապահովման պարտավորություն։ Նրանցից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ–ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, իսկ մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ այդմ, քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1 291 572 000 դրամի ԲԳՎ-ներ։
Բայց կառավարությունը աղետից տուժած անօթևաններին բնակարանի գնման վկայականները կհատկացնի միայն այն դեպքում, եթե նրանք բնակարան գնելուց հետո քանդեն ժամանակավոր կացարանները։
«Մենք քաղաքական խնդիր էինք դրել հնարավորինս արագ լուծել մեր հայրենակիցների բնակապահովման հարցը, և 2020թ–ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացրել ենք: Հաջորդ տարի այդ նպատակով ևս 3 մլրդ դրամ կհատկացվի»,– տեղեկացրեց Փաշինյանը։