24.11.2024
Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Հաղորդագրությունը՝ ստորև։


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:


Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:


Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։


Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։