Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել է 1.5 տարի: Այնուամենայնիվ, նախորդ իշխանության ժամանակ առկա բազում հրատապ խնդիրներ, որոնք և դարձան հանրապետությունում իշխանափոխության պատճառ, դեռ մնում են չլուծված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով ակումբի կողմից իրականացրած սոցհարցման արդյունքները:
Ըստ բանախոսի, ամենասուր խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսականը: Մասնավորապես՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, առաջին անհրաշեժտության մթերքների բարձր գները, նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը, բանկերի բարձր տոսկոսադրույքները, ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունը և այլն:
Նա նշեց, որ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրերից հայտարարում էր, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության մասին, ինչը պետք է արմատապես փոխեր Հայաստանի տնտեսական վիճակը: Միևնույն ժամանակ, 2019թ-ի կառավարության ծրագրում ներառված է եղել ընդամենը 5%-անոց տնտեսական աճ, չնայած տնտեսությունը 5% աճ էր գրանցում նաև նախկին իշխանության ժամանակ:
«Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մեկուկես տարին է լրանում, կարևոր ենք համարել անցկացնել հետազոտություններ, որոնք կբացահայտեն հանրային կարծիքը այս կառավարության հիմնական ձեռքբերումների և ձախողումների, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2019թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Այդպես, Արմավիրի և Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են հանդիսանում բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները (84%), ջրամատակարարումը (77%), աշխատատեղերի բացակայությունը (72%), դպրոցների և հիվանդանոցնրի վատ վիճակը (63%), ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը (47%), մթերքի և վառելիքի գնաճը (32%), տեղի պաշտոնյաների կաշառակերությունը (17%) և այլ խնդիրներ (9%):
Վերջիններիս 32%-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը բացասական, իսկ նրանցից 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Իսկ ինչ վերաբերվում է տեղի իշխանությունների աշխատանքին (մարզպետի և քաղաքապետի/գյուղապետի), ապա հարցվածների 27%-ը դրական է գնահատել, 32%-ը՝ բավարար, բացասական՝ 22%-ը, իսկ 19%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին:
«Տնտեսական հեղափոխությանը» վերաբերվող հարցին Արմավիրի և Արարատի բնակիչների 14%-ը նշել են, որ Հայաստանում իրոք մեկնարկել է «տնտեսական հեղափոխությունը», 42%-ի կարծիքով ոչ մի «տնտեսական հեղափոխություն» չի սպասվում, 27%-ը նշել է, որ այն դեռ չի սկսվել, բայց նրանք պետք է սպասեն մոտ ապագայում, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Այն հարցին, թե ինչպես են Արմավիրի և Արարատի բնակիչները վերաբերվում Հայաստանի ներկայիս քաղաքական դասին, հարցվողների 29%-ը պատասխանել է, որ գոհ է ներկայիս քաղաքական գործիչներից և կուսակցություններից, 38%-ը նշել է, որ գոհ է, բայց քաղաքականությանն անհրաժեշտ են նոր դեմքեր, 21%-ի կարծիքով քաղաքական դասը պետք է ամբողջովին վերափոխվի և մաքրվի կաշառակերներից և ոչ պրոֆեսիոնալներից, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա մարզի հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին, 14%-ը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 27%-ն իր ձայնը կտար այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, իսկ 3%-ը ընտրությունների չէր գնա:
«Ներքին քաղաքականությունից զատ մեզ հետաքրքրում էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և, թե ինչպես են Արմավիր և Արարատ մարզերի բնակիչները վերաբերվում ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Ուստի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների 39%-ը համարում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահերից, 47%-ի կարծիքով այն կրում է հակասական և անհեռանկարային բնույթ, 7%-ը համարում է, որ այն վնասում է երկրի ազգային շահերին, իսկ մյուս 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- ներկայացրեց հարցման արդյունքները Արման Ղուկասյանը:
Հարցաշարի վերջին հարցը վերաբերում էր այլ երկրների տրամադրվածությանը Հայաստանի նկատմամբ, այն է՝ ո՞վ է առավել բարիդրացիական տրամադրված մեր երկրի նկատմամբ: Հարցման մասնակիցների 53%-ը նշել է Ռուսաստանը, 17%-ը՝ Եվրամիության երկրները, 23%-ը՝ ԱՄՆ-ն, 5%-ը՝ Չինաստանը և 2%-ը համարում է, որ բոլոր վերը նշված երկրները հավասարաչափ բարիդրացիական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ:
«Կարող ենք վստահությամբ փաստել, որ հետհեղափոխական էյֆորիան, որը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիներին, արդեն անցել է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ վայելում է քաղաքացիների վստահությունը, սակայն այժմ հասարակությունը հակված է սպասելու կառավարության իրական գործուղություններին (ոչ թե լոզունգներին), դրական արդյունքներին, որոնք շոշափելի կլինեն առօրյա կյանքում:
Մարզի բնակիչների համար դեռևս առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները: Առաջընթացի բացակայությունը կարող է նշանակալի ազդել կառավարության այսօրվա հեղինակության վրա: Բացի այդ, հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ չեն հավատում կառավարության առաջ քաշած «տնտեսական հեղափոխության» թեզին»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա երկու նշված մարզերում իրականացրած սոցհարցումը բացահայտել է, որ «Իմ քայլը» իշխող դաշինքը շարունակում է նշանակալի հեղինակություն վայելել հանրապետության մյուս քաղաքական ուժերի համեմատ: Այլ քաղաքական ուժերի վարկանիշը շատ չի տարբերվում 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Միևնույն ժամանակ ակնհայտ է նոր քաղաքական ուժերի պահանջարկը:
Գնահատելով երկրի արտաքին քաղաքականության կուրսը՝ հարցվածների մեծամասնությունը նշել է, որ իշխանության գործողություններն այս ուղղությամբ համակարգված չեն և իրարամերժ են: Ըստ ամենայնի, այս կարծիքի արդիականությունը կապված է նրա հետ, որ երկրի իշխանություններն ի սկզբանե այնքան էլ հստակ չէին կողմնորոշվել արտաքին քաղաքականության առաջնահերթության հարցում: Հայտարարությունները շատ անգամ հակասում էին գործողություններին, ինչը մասնավորապես արտացոլվել է հայ-ռուսական հարաբերություններում:
«Մարզերի բնակիչները շարունակում են Ռուսաստանը համարել որպես Հայաստանի հիմնական գործընկեր, այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունն իրենք գնահատելու են նաև նրանով, թե ինչքանով ներկայիս իշխանությունները կկարողանան պահպանել և խորացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց Արման Ղուկասյանը:
Նշենք, որ հարցումն անցկացվել է Արմավիրի և Արարատի մարզերի քաղաքների և գյուղերի 500 բնակիչների շրջանում: Հարցումը իրականացվելու է նաև ՀՀ մյուս մարզերում: