24.11.2024
«Սինոփսիսը» մտադիր է գործունեություն ծավալել նաև Գյումրիում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշում կա. իրավական ի՞նչ ելքեր են հնարավոր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել եւ որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։ Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երեւան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում կայացվել։ ՀՔԾ-ից մեզ պատասխանեցին․ «Տեղեկությունը չենք մեկնաբանում»։ Փորձեցինք կապվել ՀՀ եւ Արցախի դատախազությունների հետ։ ՀՀ դատախազության ներկայացուցիչը լսեց մեր հարցը, բայց չպատասխանեց։ Իսկ Արցախի դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը խոստացավ ճշտել եւ հայտնել, այնուհետեւ երկար չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ուղարկեց հետեւյալ երկտողը․ «ԱՀ դատախազությունում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին որոշում չեն ստացել։ Այդ կապակցությամբ որեւէ նորություն լինելու դեպքում անպայման կիրազեկեմ»։ Իրավաբանները մեզ բացատրեցին, որ Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել եւ դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին։ Բայց դրա համար էլ նախ պետք է Բալասանյանին մեղադրանք առաջադրեն, միջազգային հետախուզում հայտարարեն։ Հիշեցնենք, որ Բալասանյանը գրավոր բացատրություն էր ուղարկել ՀՔԾ, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ Երեւանում չի գտնվել, իր տեղեկությունները սահմանափակվում են հասարակության լայն շրջանակներին հայտնի եւ ԶԼՄ-ներով տարածված տեղեկություններով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին հարցրինք` ինչպե՞ս եք գնահատում իշխանություններ-եկեղեցի հարաբերությունները։ «Նորմալ է, նորմալ. ավելի վատ էլ է եղել, ավելի լավ էլ է եղել, հիմա նորմալ է»: Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչպե՞ս էր։ «Միշտ եղել է լավ, մենք հայրենի իշխանության հետ խնդիրներ չունենք»: Ի դեպ, ուրբաթ օրը եկեղեցու հոգեւոր խորհուրդը պետք է հանդիպեր Արմեն Սարգսյանի հետ, բայց չեն հանդիպել, նրանց այցելել է Արարատ Միրզոյանը։ Խորհրդի անդամ Բագրատ սրբազանն ասաց` նախագահը հիվանդ էր: Մեր տեղեկություններով` ոչ բոլոր անդամներն են հակված եղել հանդիպել Սարգսյանին (ՀՀՇ-ի թեւ համարվողները)»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. Մայր տաճարը վերանորոգվում է։ Պատարագն այս անգամ համընկել էր Վեհափառի 20-ամյա գահակալությանը եւ Բարձրագույն հոգեւոր ժողովին։ Այնտեղ էին բոլոր թեմերի առաջնորդները, այդ թվում` Արցախի թեմի, Վատիկանում կաթողիկոսի ներկայացուցիչը: Իշխանությունից ոչ ոք չկար: Հարցին, թե որեւէ միջոցառում նախատեսվա՞ծ է, Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետն ասաց․ «Միաբանության սիրո ճաշ կլինի»: Իշխանություններից ներկաներ չե՞ն լինի։ «Ոչ»: Մեզ ասացին նաեւ. «Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը»: Բայց դա կլինի ոչ թե 20-րդ, այլ 21-րդ տարին։ «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում»,- ասացին եպիսկոպոսները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը եւ այլք։ Այդ հանդիպման ընթացքում պատգամավորների հետ քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման բաղադրիչներն ու կետերը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ փակ հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել կառավարությունում, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանրայնացվել։ Նշված հանդիպմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության ախատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀՀ-ում արեւմտյան դրամաշնորհներով գործող որոշ ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները։ Հիմնական քննարկման թեման կապված է եղել կոնվենցիան հանրային դիսկուրսում ճիշտ թեզերով ներկայացնելու ռիսկերի ու առանցքային կետերի հետ։ Հավելենք, որ 2017-ին Հայաստանը «Ստամբուլ յան կոնվենցիան» ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան եւ Լիտվան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին եւ տարածաշրջանային անվտանգության ջանքերին. «Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը: Հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն, սա այդ հարաբերությունների որակական աճի արձանագրումն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ով 2018թ. հեղափոխությունից անմիջապես հետո ազատվել էր պաշտոնից, այժմ զբաղեցնում է Դերժավայի Արկադիկի՝ Արկադի Համբարձումյանի թիկնազորի պետի պաշտոնը: Հովհաննիսյանը հայ լայն հանրությանը հայտնի է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տված ասուլիսի ժամանակ արտահայտած մի շարք ուշագրավ մտքերով, մասնավորապես՝ «առավոտյան քսան զրո զրոյից» կամ «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր տասներեք զրո զրո զրոյից»: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանգրվանը օլիգարխների «ախռանայում» է»:


«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։ «Ապօրինի ձեւով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմել Կադաստրի կոմիտե, հանդիպել անձամբ Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ այդ մարդկանց հարցին ընթացք ու լուծում չի տվել: Ջանք չի գործադրել, որ կադաստրային քարտեզում եւ կեղծված փաստաթղթերում ինչ-որ բան փոխվի»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Անհասկանալի է, թե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ինչ հիմքով է աշխատանքից ազատվել կոմիտեի վերահսկողության վարչության պետը, որ բարեխիղճ ու սրտացավ աշխատողի վարկանիշ ուներ։ «Վարչության պետին աշխատանքից ազատելու իրական պատճառը մինչ այս պահն էլ անհասկանալի է բոլորին, բայց այն, որ նա օգնում էր բոլոր քաղաքացիներին ու ճշգրիտ փաստաթղթեր տրամադրում, փաստ է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեւական ժամանակ է՝ չի հաշտվում աշխատանքային կազմի հետ: Արդյունքում տեսչական մարմնի աշխատողները բաց նամակ են գրել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես նշված է հետեւյալը. «Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսեւորվում է նաեւ նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման եւ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երեւան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում: Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի եւ պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է եւ շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է: Ավետիսյանի ոչ իրավաչափ եւ անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզերում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաք կազմակերպելու փորձերը վերածվում են խայտառակության: Գավառում ընդհանուր առմամբ հաջողվել է հավաքել զրո ստորագրություն: Սևանում հավաքված ստորագրությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է՝ 6 ստորագրություն: Ստորագրահավաքի կազմակերպման արդյունքները ցույց են տալիս, թե մարդիկ ինչ են մտածում Քոչարյանի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերի խնդրով իշխանությունները սկսել են ավելի լուրջ զբաղվել: Հատկապես ս/թ հոկտեմբերի 29-ին Երեւանի «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգից հետո տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները սկսել են բողոքել, որ եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել նման ահազանգերի աղբյուրները՝ խուլիգանությունները լուրջ հարված կհասցնեն զբոսաշրջությանը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ հաճախ հնարավոր է դառնում գտնել խուլիգաններին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց գործերն առաջ չեն գնում, որպես օրինակ մեր աղբյուրը բերեց 2017թ-ի դեկտեմբերի 25-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակում նվերի տեսքով փաթեթավորված արկղի դեպքը, որը տարհանման պատճառ էր դարձել: Ըստ մեր աղբյուրի՝ դեռեւս այն ժամանակ հաջողվել էր պարզել տեղադրողի ինքնությունը, ով եղել էր Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եղբոր Լեւոն Թոքմաջյանի հետ կապված անձ, նյութերն ուղարկվել են ոստիկանութուն, հանվել են տեսանկարահանող սարքերի տվյալներ, կարելի է ասել բացահայտված գործ էր, բայց անհասկանալի պատճառներով ձերբակալություններ չեղան: Մեր զրուցակիցը չբացառեց նաեւ, որ որոշ դեպքերում նման զանգերը գալիս են ոչ Հայաստանի ներսից եւ հետապնդում են այլ նպատակներ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթ տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Գրիգորյանը որոշել է հարսանյաց արարողությունը կազմակերպել հայրենի Արցախում՝ թերևս ցույց տալու համար, որ ինքը շարունակում է մնալ արցախցի: Հարսնացուի մասին հայտնի է, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: Հարսանիքին ներկա է լինելու հայաստանյան և արցախյան քաղաքական իշխանական էլիտան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 10 500 ԱՄՆ դոլար եւ 30 825 եվրո: Նշված դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա վերջում նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 540 ԱՄՆ դոլար եւ 15 054 եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Ապիտոնյանի 2018թ. տարեկան հայտարարագրից: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ԱԳ փոխնախարարը 2018թ. հարկային տարում 50 000 ՀՀ դրամով վաճառել է հողամասը: Բացի այդ, 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: ԱԳ փոխնախարարի փոխառությունները 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են 15 054 եվրո եւ 40 000 ԱՄՆ դոլար: Փոխնախարարը 2018թ.-ին ստացել է 820 եվրո եւ 474 ԱՄՆ դոլար եկամուտ, որոնք գոյացել են այլ եկամուտներից: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 69 132 եվրո: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 243 եվրո եկամտի մասին: Ա. Ապիտոնյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերին»: