Զելենսկին երեք փուլ է նշել Դոնբասի հակամարտությունն ավարտելու համար
Դոնբասի հակամարտությունն ավարտելը հնարավոր է թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից եւ անվտանգ վերաինտեգրացումից հետո: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների եւ պատերազմների միջազգային փորձն ապացուցում է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր է անցնել երեք գլխավոր փուլ»,- պնդում է նա:
Առաջին փուլը, պետության ղեկավարի կարծիքով, «թեժ փուլն ավարտելն է եւ հրադադարը»: Ընդ որում՝ Զելենսկին վստահություն է հայտնել, որ դրան կհաջողվի հասնել մոտ ժամանակներս: Նա որպես երկրորդ փուլ է նշել մարդկանց հաշտվելը, փոխհամաձայնության հասնելը:
«Երրորդ փուլն անվտանգ վերաինտեգրացումն է»,-հավելել է նա: Նախագահն ընդգծել է, որ այս բոլոր երեք փուլերը երկրին հարկ կլինի անցնել պետության եւ հասարակության հետ համատեղ: