VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։ Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է եւ փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։ Մեր աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։ Թերթի տեղեկություններով, կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։ Մասնավորաբար, եվրոպացի պատգամավորները քանիցս ակնարկել են ԵԽԽՎ-ում իշխանական պատվիրակներին, որ Եվրոպայի հետ աշխատելիս կարեւոր է կուսակցական ներգրավվածությունը։ Փաշինյանը նպատակ ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքները խորացնել կուսակցական ձեւաչափով, որպեսզի հետագայում նաեւ Եվրոպայից աջակցություն ստանա։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գաղափարական պլատֆորմը նախատեսվում է ստեղծել ազգային լիբերալիզմի մոտիվներով, իսկ թե կոնկրետ ինչ գաղափարական հիմք կունենա ՔՊԿ-ն, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը: «Պարոն Բաբլոյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու հետաքննեն, թե այդ ի՞նչ խախտում է թույլ տվել: Դրա համար թերևս պարոն Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություններ տալու»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում…»,- ասել էր Բաբլոյանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել: Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը: «Իրատեսի» տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, նա էլ ընդառաջել է։ «Կարծում եմ՝ նախարարների կողմից աշխատավարձերի բարձրացման պահանջ է եղել, որովհետեւ ոմանք հրաժարվել են մի քանի միլիոնանոց վարձատրությամբ աշխատավարձից ու համաձայնել են 650-700 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Այո, դա նույնպես մեծ թիվ է Հայաստանի պայմաններում, բայց պատկերացնու՞մ եք նրանց ծանրաբեռնվածությունն ու ոլորտի ընդգրկունությունը: Ամեն մեկը մի ինստիտուտ է ղեկավարում, ամենօրյա ռեժիմով բարդագույն որոշումներ ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց նաեւ, որ նախարարներն այնքան լավ պետք է վարձատրվեն, որ հարակից այլ բաների, օրինակ, բիզնեսի, կարիերայի մասին չմտածեն: Շեշտեց՝ որպեսզի նախարարները 7-օրյա ու 24-ժամյա ռեժիմով ոլորտի ղեկավարմամբ զբաղվեն, պետությունը պետք է պատրաստ լինի հոգալու նրանց սոցիալական կարիքները. «Եթե նախարարը մտածի հիփոթեք մարելու մասին կամ սոցիալական այլ հարցեր ունենա, բնական է, ձգտելու է այլ բանով էլ զբաղվել: Եվ ոչ միայն նախարարները, պետական ապարատի ամբողջ աշխատակազմն արժանապատիվ սոցիալական երաշխիքներ պետք է ստանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` Վիքիպեդիայի համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, ով այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։ Պատգամավորներին անմահացնող լուսանկարիչներն ասացին` անվճար ենք անում։ «Մենք կամավորական հիմունքով ենք աշխատանքը կատարում՝ Վիքիպեդիայում խմբագրական բլոկներ ունենք»: Հրաժարվողներ կա՞ն։ «Ոչ, մեկ-մեկ ասում են` տեսքներս լավ չի` վաղը նկարեք»: Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որեւէ բան չի ունենա Վիքիպեդիայում ներկայացնելու, որովհետեւ անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ նիստի ընթացքում, «Իմ քայլի» պատգամավորներին ասել են` արագ գնում ենք Սայաթ-Նովայի գրասենյակ՝ նիստի: Ոմանց հատուկ են զգուշացրել` անպայման ներկա լինել, քանի որ ֆրակցիայի նիստերին 88 պատգամավորից մոտ 30-40-ն են ներկա լինում սովորաբար: Նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների հարցը։ Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել է, որ ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, որից 4-ն անցել է, իրենք չգիտեն, թե մինչ այս ինչ աշխատանք է տարել ինքը: Մեզ պատմեցին․ «Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են, ու «արդյունք» չապահովելու դեպքում հանրության եւ զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ։ Մակունցն ասաց, որ, ճիշտ է՝ աշխատանքները գաղտնի են, բայց հանձնաժողովը որոշակի հաշվետվություն պետք է ներկայացնի, քանի որ ԱԺ իրավասության ներքո է գործում եւ ոչ թե պաշտպանության հանձնաժողովի։ Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ասաց, որ գաղտնիությունը պետք է պահպանել, սակայն հնարավոր է իրենք եւս ինչ-որ բանով կարող են օգնել, խորհուրդ տալ։ Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, եւ ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»: Նիստում քննարկվել է նաեւ ջրօգտագործման հանձնաժողովի հարցը, արձանագրվել է, որ սա էլ է շատ պասիվ՝ ընդամենը 2 նիստ է արել: Լուրջ մտահոգված են եղել նաեւ Արա Բաբլոյանի հնչեցրած մտքից, որ եթե ինքը խախտում է թույլ տվել, դա Նիկոլին օգնելն է եղել, որ իշխանության գա։ «Իրավաբաններին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել, մեզ էլ բացատրեցին, որ եթե հարցնեն, ինչ ասենք, ինչպես պաշտպանենք Նիկոլին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ նախկին իշխանությունների գիծը տանող որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում են լուրը, թե առաջիկայում հնարավոր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն նշանակվի ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը։ Այս նշանակումը, սակայն, գրեթե անհավանական է, քանի որ Միքայել Համբարձումյանը եղել է նախկին իշխանությունների ամենակոռումպացված կամակատարներից մեկը։ Բացի դա, Համբարձումյանը համարվում է նաև ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ Համբարձումյանի քույրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Մարատ Մուսայելյանի հարսն է։ Համբարձումյանին մշտապես հովանավորել է հենց նա։ Այդ հովանավորությունը դեր է խաղացել նաև 2007-2008թթ., երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ցանկանում էր Համբարձումյանին հեռացնել պաշտոնից, քանի որ այդ ժամանակ դեռ քննիչ Համբարձումյանը, առանց Գորիկ Հակոբյանին զեկուցելու, Աղվան Հովսեփյանի ցուցումով փակել էր կենտրոնի նախկին դատախազի որդու գործը։ Մեզ պատմեցին, որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանի ազատման հրամանն արդեն պատրաստ է եղել, սակայն Ղարաբաղից զանգ է եղել, որից հետո Համբարձումյանը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև քննիչից միանգամից նշանակվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում: Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չի լռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին: «Ժողովուրդ» օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն`ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը: «Իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել. ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որ իրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես, պետք է, նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի»: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`տեւական ժամանակ է` ԱԻՆ վերնախավում հաշտ չեն, եւ դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Եւ հիմա, ըստ ամենայնի, հենց նրա կողմնակիցներն են իշխանության որոշ երիտասարդների հետ աշխատում նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ փորձում են վատաբանել նրան: Նկատենք, որ իշխանության երիտասարդ թիմում փորձառու մասնագետ, ծանր հրետանի Ցոլակյանին չեն հանդուրժում: Պատճառներից թերեւս կարող է լինել այն փաստը, որ հենց նա է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի թեկնածու»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում գտնվող Միջազգային տնտեսական դատարանը (ICSID) հաջորդ տարվա փետրվարին վճիռ է կայացնելու Էդմոն Խուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով: Այս գործով դեռևս 2016թ. ՀՀ ներկայացուցիչ էր նշանակվել «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Արամ Օրբելյանը, ով անցյալ տարվա ամռանը ստանձնեց նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության գործը։ Մոտ երկու ամիս առաջ Արամ Օրբելյանի հետ պայմանագիրը դադարեցվել էր Արդարադատության նախարարության կողմից։ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը վերակնքել է վերջինիս հետ պայմանագիրը՝ մի փաստաբանի հետ, ով Քոչարյանի գործով ՀՀ-ի դեմ դատական հայց է ներկայացրել ՄԻԵԴ, ով ՀՀ իշխանություններին մեղադրում է Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու մեջ: Պատկերացնո՞ւմ եք, մի գործով Օրբելյանը ՀՀ կառավարության շահերը ICSID-ում ներկայացնելու համար կառավարությունից ժամը մի քանի հարյուր դոլար վճար է ստանում, մյուս կողմից՝ Օրբելյանը ՀՀ իշխանության դեմ պատերազմ է հայտարարել և իր վստահորդի դեմ «ապօրինությունների» պատճառով հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեր տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաեւ իշխանության ներկայացուցիչների։ Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եւ այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եւ կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձեւավորեց ԲՀԿ-ն։ Մեզ հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը քաղաքական դերակատար չէ եւ, ըստ ամենայնի, երբեւէ կուսակցական չի դառնա. «Թեկուզեւ պատգամավորը պետք է քաղաքական դերակատար լինի, բայց ես չեմ գտնում, որ քաղաքական կերպար եմ ու երբեւէ կդառնամ որեւէ կուսակցության անդամ: Քանի որ կարծում եմ՝ քաղաքական ապագան կմերժի կուսակցությունների գոյությունը: Եվ մենք Հայաստանում նոր մշակույթի կերտման մասին պետք է մտածենք: Կա իրավունքի վրա հենված հանրություն, եւ կա պատասխանատվության վրա հենված պատասխանատվություն, եւ մենք պետք է գնանք ոչ թե անձնական իրավունքի, այլ պատասխանատվության ճանապարհով»: Հիշեցնենք․ Արման Բաբաջանյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հերքել էր ԼՀԿ-ից դուրս գալու մեր տեղեկությունը, սակայն 10 օր անց հայտարարեց ԼՀԿ-ն լքելու մասին, ուստի այս անգամ մեզ անիմաստ թվաց նրանից մեկնաբանություն խնդրելը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»: Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել: Նիկոլը փորձել է ռուսներին բացատրել, որ իրենք դաշինքի մեջ են եղել երկու արեւմտյան ուժերի` «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ, վերջիններս կտրուկ պահանջ են դրել, որ նման որոշում լինի, ինքն էլ ֆրակցիայի ղեկավար էր, ստիպված ընդառաջ է գնացել, հանդես եկել որպես հիմնական զեկուցող, որպեսզի «նրանք ավելի անկանխատեսելի ու սուր բաներ չխոսեն»: Էդմոն Մարուքյանենք էլ իրենց հերթին են փորձել ռուսների առաջ պապից կաթոլիկ լինել նվիրվածության հարցում (հիշենք` անցած դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրանք իրենց ծրագրից հանել էին ԵԱՏՄ-ից դուրս գալու դրույթը), ապա փորձել այդ որոշման նախագիծը «գցել» Նիկոլի «ջեբը», թե, որպես ֆրակցիայի ղեկավար, ինքն էր նախաձեռնող-ներկայացնող-թեզեր առաջադրողը, անգամ շատ ավելի անհարկի, քան նախագծում կար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինը մնա նույնը, քանի որ գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ տնտեսության զարգացման վրա»:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միեւնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Բաբայանին։ Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ: «Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են: Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից՝ «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի: Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի: Մեր տեղեկություններով` հիմնական անհանգստության ալիքը հենց այստեղ է, որովհետեւ միայն այս տարվա ընթացում դեպքեր եղան, երբ զինվորները զորամասում ունեցած խնդիրների պատճառով հակառակորդի կողմն անցան կամ էլ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան: ՊՆ մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի: Մեր տեղեկություններով` Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նրա հարազատները ինչ-որ բան են թաքցնում, որովհետեւ նրանք այդքան էլ պատրաստակամ չեն իրենց հետ համագործակցել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ռազմական դրության դեպքում հիվանդանոցների կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանից հետքարքրվեց. «Արդյոք մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում եղե՞լ է, ի՞նչ պատասխան եւ ի՞նչ արձագանք է եղել»: Փոխնախարարը պատասխանել է`չեն քննարկել: Այս երեւույթը դժգոհություն է առաջացրել ոչ միայն մասնավոր հիվանդանոցների սեփականատերերի մոտ, այլեւ մարզային ու համայնքային: «Վարդանանց» ԲԿ սեփականատեր, առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե լավ կլիներ` իրենց հետ եւս քննարկեին, իրենք էլ իրենց կարծիքն արտահայտեին: Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ մտահոգված հարց բարձրացրեց, թե ինչպես են հոգալու մասնավոր հիվանդանոցների ծախսերը: Փոխնախարարը պարզաբանեց, թե մարդկանց բուժելուց հետո կտան»: