24.11.2024
Մամուլ. Փաշինյանը լրջորեն անհանգստացած է
prev Նախորդ նորություն

Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:


Ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.


«Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:


«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում և հնարավորություն ունենալ նպաստ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա», - իր խոսքում նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաև հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:


Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարևորությունը:


Զրուցակիցները կարևորել են ԵՄ կառույցների նոր ղեկավարության հետ ծանոթանալը և այդ համատեքստում առաջիկա փոխադարձ այցելությունները:


Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունը սատարում է հակամարտության բանակցային գործընթացին և աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձևավորմանը: