24.11.2024
Սամվել Կարապետյանը նոր ներդրումներ է անոնսում
prev Նախորդ նորություն

Երկու ժամ առանձնազրույց ունեցա ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ. Բաբաջանյան

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:


«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,- գրել է նա:



Հիշեցնենք, Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։


Սակայն նախօրեին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ «Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։