23.11.2024
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան` 6-րդ վարչության աշխատակիցների թիրախում
prev Նախորդ նորություն

Ոճրագործությունից 20 տարի անց. Նաիրի Հունանյանը ցանկանում է ազատ արձակվել

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։


Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստի Կառավարության ժամին տեղի է ունեցել զինված հարձակում։ Սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Եվս 8 հոգի վիրավորվել էին։


2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:


Նշենք, որ մի քանի օրից լրանում է այս ոճրագործության 20-րդ տարելիցը: