Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան` 6-րդ վարչության աշխատակիցների թիրախում
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն անցած շաբաթվա վերջին այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։ Նրանք որոշակի փաստաթղթեր են խնդրել և ուսումնասիրել։
VERELQ-ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Իր հերթին, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել, այլ գործողություն չի կատարվել։
Ավելի վաղ FIP.am կայքը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերություններն են եղել ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողները։ Չի բացառվում, որ այս հոդվածի հետքերով են իրավապահներն այցելել ՀՖՖ։