«Սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել. Անժելա Թովմասյան
«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, հեռուստահաղորդավար Անժելա Թովմասյանը՝ նշելով, որ չի ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել, քանի որ կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։
«Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։
«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։
Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:
Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Պատգամավորը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:
Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել էին, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: