VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարդանյանին ազատել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից։ Վարդանյանը, ով Դեր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսն է, «Փաստ» թերթի տեղեկություններով, սերտ կապեր է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ, ինչն էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որ Փաշինյանը ազատվի նրանից... Հայտնի է, որ Լեւոն Սարգսյանի՝ Լիբանանի հետ սերտ առնչությունների պատճառով վարչապետը խոշորացույցի տակ է առել տարածաշրջանում Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր գործչի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին խոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, եւ հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում: Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որն այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով: Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերն ընդդեմ Հայաստանի կառավարության, եւ հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է ներկա իշխանությունների մեջ փնտրել կոռուպցիոներների, մեր ուշադրությանն է արժանացել Արփինե Հովհաննիսյանի մոր՝ Աննա Մկրտչյանի հայտարարագիրը, որը վերջինս ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանի՝ նախարար աշխատած ժամանակ։ Աննա Մկրտչյանի, ով ժամանակին եղել է Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը, ներկայացրած հայտարարագրից երեւում է, որ վերջինս տնօրինում է 40 միլիոն դրամի գույք։ Ուշագրավ է, սակայն, որ այդ գույքի ծագումը հայտնի չէ։ Նախորդող տարիներին՝ 2013-2014 թվականներին ոչինչ նշված չէ եւ արդեն 2016թ. հայտարարագրում այն արդեն նշվում է որպես վաճառքից ստացված եկամուտ»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիեւ-Փաշինյան «վերելակային հանդիպումից»: Ըստ մեր աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի: Կառավարության մեր աղբյուրը նշեց, որ Հայրապետովի ազատման պատճառը գաղտնի է պահվում անգամ Փաշինյանի մերձավոր շրջապատից»:
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաեւ երկրի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվտանգությունը: «Նշվում է, որ Հայրապետովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նոր պաշտոնի նշանակվելը վկայում է պետական ինստիտուտի՝ ԱԱԾ-ի, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ պետության ղեկավարների, անհատների նախասիրություններով: Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, պատասխանատու լինելով Քոչարյանի, Սարգսյանի եւ Փաշինյանի անվտանգության համար, իրականում ծառայում է պետությանը»,- սա էլ մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքից:
Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ այդ բարձր պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր: Ուրեմն ի՞նչն էր Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու պատճառը, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, ինչո՞ւ նրան պաշտոնից ազատեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա ասուլիսից անմիջապես ժամեր անց: Ի դեպ, երեկ շատերը հիշեցին, որ վերելակում աղմկահարույց Փաշինյան-Ալիեւ «բանակցություններին» ներկա էր նաեւ Գրիգորի Հայրապետովը: Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ իր՝ աշխատանքից ազատման մասին Գրիգորի Հայրապետովը, ում վերջերս էր նախագահի հրամանագրով շնորհվել գեներալ-մայորի կոչում, իմացել է միջնորդավորված: Նա անգամ զրույց չի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Վարչապետի անվտանգությունը լավագույնս ապահոված, երբեւէ սկանդալների մեջ չհայտնված, զուսպ ու հավասարակշիռ գեներալ Հայրապետովն ինչ-որ երրորդ անձից է իմացել, որ այլեւս ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով` Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել: Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարեւրագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, եւ հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերդառնա ՀՀ»։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտարարագրել է տվյալներ եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Գոյունյանի 2018 թ. տարեկան հայտարարագրից: Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Գոյունյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 4 000 000 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: 2018 թ. վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 4 500 000 ՀՀ դրամ և 8200 ԱՄՆ դոլար: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը 2018 թ. հարկային տարում կազմել է 2 714 602 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 192 261 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 522 341 ՀՀ դրամը՝ այլ եկամուտներից: Ա. Գոյունյանը արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019թ. հուլիսին: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել: ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով նրանք ԱՄՆ-ում ֆինանսական գործարքներ են կնքել: Մեր աղբյուրը խոստանում է, որ առաջիկայում խոշորամասշտաբ բացահայտումներ են լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի» դատական առաջին նիստը։ Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Բագրատյանին՝ հրապարակային հերքել Ջերմուկում արած «զրպարտություն համարվող տվյալները», այն է՝ «նախորդ իշխանություններն իրենցից կաշառք են վերցրել եւ թույլ են տվել»։ Ընկերությունը նաեւ փոխհատուցում է պահանջել։ «Դատական առաջին նիստում որոշում է կայացվել բաշխել ապացույցները, 3 կետով իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն, 1 կետով՝ ես»,- հայտնեց Բագրատյանը։ «Ես պետք է ապացուցեմ, որ իմ հայտարարությունը ոչ թե «Լիդիանի» մասով է, այլ ընդհանուր հանքարդյունաբերողների, որ նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Իսկ իրենք դա վերցրել են իրենց վրա եւ ապացուցելու են, որ դա կոնկրետ «Լիդիանի» հասցեին է ասված»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շաբաթը առնվազն երկու ռազմավարության նախագիծ է դնում շրջանառության մեջ: Հերթը հասել է «Աղբահանության համակարգի ռազմավարությանը», որի նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ: Այս ռազմավարության իրագործման արդյունքում ենթադրվում է, որ կնվազի աղբահանության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, և այն կօժանդակի, որպեսզի աղբն օգտագործվի որպես երկրորդային հումք: Հասկանալի է, որ այս նպատակների իրագործման համար անպայման ռազմավարություն է պետք, մարտավարությամբ շատ առաջ չես գնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջեւանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։ Իջեւանյան մեր աղբյուրն ասում է, որ այս հրդեհները պատահական չեն․ անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը, եւ ոստիկանական ուժերով ճնշեցին ընդվզումը։ Այն ժամանակ արդեն անտառահատները սպառնացել էին․ «Եթե թույլ չեք տալիս հատել, վառելու ենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբի ոստիկանները նկատել են նրանց կասկածելի պահվածքը, բայց տղաները փախուստի են դիմել: Ոստիկանները հետապնդել են, տղաներից մեկը Ազատության պողոտայում մի ուղղությամբ է փախել, իսկ մյուսը՝ մեկ այլ: Ոստիկաններին հաջողվել է բռնել 18-ամյա տղային, ու երբ կանխել են նրա դիմադրությունը, մյուս ուղղությամբ փախած 16-ամյա տղան հետեւից մոտեցել է ոստիկան Տիգրան Առաքելյանին, հափշտակել նրա զենքն ու հենց դրանով կրակել Տ. Առաքելյանի գլխին: Լրատվամիջոցներն էլ երեկ տեղեկացրին, որ եղբայրները մանկատան սաներ են եղել:
Նկատենք, որ ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում: 2018-ի մայիսի 3-ին էլ, հիշեցնեք, HSBC բանկի` Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման ընթացքում ոստիկան սպանվեց: Ոստիկանության ավագ ենթասպա, երկու երեխաների հայր Արա Շախգուլյանը սպանվեց մեկ այլ ոստիկանի գնդակով: Իրավապահները պարզեցին, որ բանկի վրա զինված հարձակում կատարողը Ճանապարհային ոստիկանության` տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Թերեւս, աննախադեպ, որեւէ քննադատության չդիմացող իրադրություն է, երբ զենք են գործադրում ոստիկանի վրա, որը հենց այդ պահին բարեխիղճ ծառայություն է իրականացնում, այնինչ աշխարհով մեկ ընդունված է ոստիկանի նկատմամբ առանձնակի հարգանքը, եթե կուզեք, ոստիկանից վախն ու ակնածանքը: Ու պատահական չէ, որ ոստիկանի պաշտպանվածությունը աշխարհով մեկ բարձրագույն աստիճանի վրա է: Վարչապետ Փաշինյանն էլ, ի դեպ, ցավակցություն հայտնելով հոկտեմբերի 16-ի գիշերը զոհված ոստիկանի հարազատներին, գրել է. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: Հավելենք, որ հանցագործներին, առաջադրված մեղադրանքներով, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։ «Հիմնական կռիվը Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածու լինելու համար է։ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են առաջնությունը ստանձնել: Պայքարը թեժացնողները նաեւ դաշնակցականներն են։ Արայիկն էլ շատ գրագետ քարոզչություն է իրականացնում, ու այդ պատճառով է նաեւ նրանց միջեւ պայքարը սրվել: Եվս մեկ նոր ուժ է ձեւավորվում, որը ղեկավարում է Հայկազովի բրիգադի հրամանատարը` Գրիգորի Սահակյանը, որը քաղաքապետի ընտրություններին մասնակցեց, հանպատրաստից երկրորդ տեղը գրավեց։ Նա քաղաքական ուժ է ստեղծում, փորձում է այլընտրանք լինել բոլոր ուժերին, դաշտը վերցնել։ Շատ ակտիվ է շրջաններում, հատկապես՝ գյուղերում, համակիրների լուրջ բանակ է ձեւավորում, բայց տպավորություն է, որ ավելի շատ պայքարում է ԱԺ մանդատների համար»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:
2000-ից Արայիկն ու դաշնակցականները միասին ճամփա են անցել, ո՞րն է հիմա տարաձայնության պատճառը։ «Դաշնակցականներն առաջարկում են միասնական օրակարգ ձեւավորել` հաշվի առնելով արտաքին թշնամու հանգամանքն ու ներքին համախմբվածության անհրաժեշտությունը, եւ հանրային համերաշխությամբ առաջ գնալ, սակայն Արայիկը չի ցանկանում միանալ, գտնում է, որ պրոցեսները պետք է իր շուրջն ընթանան` ռեսուրս ունի, կապեր ունի, ընտրազանգված ունի։ Բայց կան մարդիկ, որ ասում են՝ նոր մարդ ենք ուզում, Արայիկը նոր մարդ չէ, իշխանություն է եղել»: Իսկ Մայիլյանի շանսերն ինչպիսի՞ն են։ «Մասիսի տակ քաղակտիվիստների սաստավն է հավաքվում` Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբը, այսպես ասած` բաց հասարակության հետ համագործակցող ուժերը, երեւանյան քաղհասարակության ներկայացուցիչներն են գալիս-գնում, մարդ են փորձում հավաքել, միավորել, բայց քիչ են»: