ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը միացել է այս նախաձեռնությունը քննադատողների բանակին՝ նշելով, որ գործ ունենք բյուջեն մսխելու հնաոճ արվեստի հերթական դրսևորման հետ:
Facebook-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է.
««Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ»,- ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Այս գնման թե՛ նպատակի և թե՛ միջոցի հարցում ինձ համար գոյություն ունեն ֆունդամենտալ խութեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս:
Առաջինը՝ արտաքին գովազդի նպատակն է: Հասկանալի է, որ այս Կառավարության ծրագրի 80 տոկոսի իրագործելիության հույսը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Համենայնդեպս այդպես ներկայացվեց ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս:
Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները՝
Родина-мать зовет!
Наши цели ясны, задачи определены, за работу, товарищи!
Ты записался добровольцем?
Пролетарии всех стран, соединяйтесь!
Իհարկե, սովետական քարոզչության այս մեթոդները աշխատում էին, որովհետև մարդկանց տեղեկատվության աղբյուրները խիստ սահմանափակ էին, գրաքննվող և նմանատիպ պաստառները իրենց ներշնչման գործառույթը հիանալի կատարում էին: Բայց դա էլ ի վերջո չփրկեց Սովետը:
Հիմա այդ պաստառները այլևս չեն աշխատում, որովհետև ցանկացած քարոզչական մեթոդի և միջոցի նկատմամբ մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում իմունիտետ և դառնում անտարբեր: Մենք կարող ենք հազար անգամ կարդալ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգը, բայց դա մեր վարքագծում փոփոխություններ չի առաջացնելու:
Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործը հանձնարարվել է կատարել մեկին և այդ մեկը վարչապետի գրքի հրատարկիչն է: ՀՀ վարչապետի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի միջև կապի մասին խոսելն ավելորդ է: Գործը հանձնարարվել է մի ընկերության առանց մրցույթի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա և դա խնդիր է:
Ի դեպ Արագածոտնի մարզում բիզնեսի մրցունակությունից խոսելիս ՀՀ վարչապետը բացառեց խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա:
2019 թվականի բյուջեով, օրինակ մոտավորապես 40 մլն ՀՀ դրամ հատկացվում է հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայությունների համար: Կարևորագույն ծախս մեր բանակի համար:
Օրինակ մոտավորապես 13 մլն դրամ և 19 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման և մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգման համար: Անհրաժեշտ ծախսեր պետության պոզիտիվ պարտականությունը կատարելու համար:
Եվ մոտավորապես 49 միլիոն լոզունգներ տարածելու համար, երբ տեղեկատվական միջոցների և հնարավորությունների մեր օրերում կարելի էր ավելի կրեատիվ և ոչ ծախսատար լուծումներ գտնել, այլ ոչ թե զբաղվել սովետական հնաոճ պրոպագանդայով:
Սա ինձ հիշեցնում է նաև Վարդավառին գորգերի 5 միլիոնանոց լվացքը, երբ հայկական գորգը և ավանդույթները անորակ պրոպագանդելու քողի տակ ինչ-որ անհայտ, նոր գրանցված ընկերություններ փող աշխատեցին»,- գրել է նա: