25.11.2024
ԱՄՆ պետքարտուղարության «դեսանտը» Երեւանում է. հետքրքրված են ատոմակայանի շահագործմամբ
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը քննարկում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Թովմասյանը նպատակահարմար չի համարել մասնակցել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չի եկել։


Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը իր ելույթի սկզբում նշեց, որ որոշման նախագծի քննարկմանը զուգահեռ քննարկումներ են ընթանում նաեւ ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթների վերաբերյալ։ Պատգամավորն ասաց, որ առկա է վեճ, թե ի վերջո այսօր ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ եւ դատավորներ, թե բացառապես դատավորներ, եւ որպեսզի ավելորդ շահարկումների առիթ չլինի, այդ եզրույթները նախագծում կօգտագործվեն որպես հոմանիշներ։


Սուրեն Գրիգորյանը թվեց այն հանգամանքները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են օբկժյեկտիվ կասկած հարուցել, որ Թովմասյանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ ուղարկած դիմումի վարույթով կարող է լինել ոչ անաչառ։ Գրիգորյանը նշեց 4 հիմք, առաջինը Թովմասյանի կապն է Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ․


«Բոլորիս հայտնի է, որ պարոն Թովմասյանը երեկ հարցազրույց է տվել, եւ աել, որ կուսակցական լինելու արգելք չկա։ Ոչ մեկը չի պնդում, որ կա նման արգելք։ Մենք ասում ենք՝ այո, չկա արգելք, որ կուսակցական կամ պատգամավոր եղած մարդը հետո կարող է գնալ ՍԴ, բայց մենք ասում ենք, որ եթե գործն իր էությամբ առնչվում է հանգամանքների, որոնք կարող են այդ կապով պայմանավորված կասկած առաջացնել, այդ մարդը չպետք է մասնակցի վարույթին»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ մինչեւ ՍԴ անդամ լինելը, Հրայր Թովմասյանը 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր եւ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, եւ այլն։


Երկրորդ հիմքը, ինչպես ներկայացրեց Գրիգորյանը, Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։ Պատգամավորը նշեց, որ խնդիրն այդ հարաբերությունները չեն, խոսքը բացառապես Թովմասյանի՝ նման կապի առկայության պարագայում դրա մասին չբարձրաձայնելու եւ վարույթից չհեռանալու հարց չբարձրացնելու մասին է։


Երրորդ հիմքը, ըստ էության, Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է։ Պատգամավորի խոսքով՝ մինչեւ ՀՀԿ-ական դառնալը եւ մինչ Արդարադատության նախարար դառնալը, Թովմասյանն արտահայտում է կարծիք, որ մարտիմեկյան իրադարձությունները ամոթ էին մեր երկրի համար, եւ դատավարությունները պետք է կարճվեին։ Դրանից հետո լինելով կառավարության անդամ՝ այլ կարծիքներ է արտահայտել, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, արտակարգ դրություն սահմանելու հրամանագիրը լիովին համապատասխանել է օրենքի պահանջներին։


Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։