Ո՞վ կկարողանա ստանալ բանակից տարկետում. փոփոխություններ են կատարվել կարգի և պայմանների մեջ
Փոփոխություններ և հստակեցումներ են կատարվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված` գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը գործադիրի հոկտեմբերի 3-ի նիստում արժանացել է հավանության: Փոփոխությունները ներկայացրել է նախարար Արայիկ Հարությունյանը: Առաջարկվում է տարկետում տալու նպատակով ձևավորվող հանձնաժողովի անդամների թիվը նվազեցնել` հասցնելով 7-ի, մրցույթի անցկացման բաղադրիչից հանել հարցազրույցը, քանի որ այդ փուլի համար սահմանված չէին հստակ չափանիշներ և հարցազրույցի արդյունքները օբյեկտիվ գնահատելու հարցը հանրային ընկալման տեսանկյունից խոցելի էր։
Նախարարի խոսքով` փոփոխությունից հետո տարկետում կտրամադրվի հիմնվելով փաստերի վրա: Անդրադառնալով տարկետման կարգի փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն, որ սուբյեկտիվիզմի տարրեր պարունակող դրույթը հանվել է. «Ըստ էության տարկետման տրամադրումը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգերով: Այսինքն` եթե մարդն ունի պահանջվող տվյալները, ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնք հաշվելի և չափելի են, ուրեմն կստանա տարկետում, եթե չունի՝ չի կարող ստանալ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ ցանկացած հանձնաժողովի պարագայում առնվազն սուբյեկտիվության մեղադրանքներն անխուսափելի են, ինչն այժմ փորձ է արվում բացառել կամ նվազագույնի հասցնել: Տվյալ պարագայում հանձնաժողովի գործը դառնում է տեխնիկական:
Կատարված մյուս փոփոխություններով` նվազեցվել է դիմողի միջին որակական գնահատականի` ՄՈԳ-ի շեմը, հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, պահանջվող կրթաթոշակի 70%-ի առկայությունը հավաստող փաստաթղթերը կդիտարկվեն որպես բավարար:
Կատարվել է մեկ այլ էական նշանակություն ունեցող փոփոխություն ևս. գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների պայմաններին համապատասխանող 17 տարին լրացած քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետում: Նախկին կարգով տարկետումը տրվում էր միայն 18 տարին լրանալուց հետո: Ինչպես կառավարության նիստում պարզաբանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խնդիրն այն է, որ համապատասխան վարկանշային սանդղակում ընդգրկված արտասահմանյան բուհ ընդունված 17 տարեկան դիմորդը, նախկին կարգով, չէր կարող տարկետում ստանալ, հետևաբար նաև երկրից դուրս գալու և արտերկրում ուսանելու հետ կապված խնդիրների էր բախվում: