24.11.2024
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
prev Նախորդ նորություն

Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։


Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը նշել է, որ շահագրգռված է խորացնել հայ-իրանական դարավոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատված հարաբերությունների դրական ավանդույթները։


«Հայաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցվածքների և մի շարք այլ ուղղություններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ, մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետությունների միջև առկա բարձ քաղաքական երկխոսության նշաձողին»,- ասել է նախարար Պապիկյանը և հավելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել հարաբերությունների սերտացման և տեսանելի ապագայի ձևավորման այդ կարևորագույն գործում։


ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նկատել է, որ իր համար պատիվ է ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցության հեռանկարները։ «ՏԿԵ նախարարությունն իր մեջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել առկա հարաբերություններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։


Նախարար Պապիկյանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան և վերջինիս հետ համատեղ ներգրավված լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք հավակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների և, իհարկե, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը և արձանագրել, որ Հայաստանը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա և դեռևս չիրացված համագործակցության ներուժը։


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությունը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։