Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի և մեծ մարդու:
Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում և միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:
Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին:
Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում»: