24.11.2024
Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզից Չինաստան մթերք կարտահանվի, Գյումրիից կլինի ուղիղ չվերթ դեպի Չինաստան

Առաջիկայում Շիրակի մարզում արտադրվող գյուղմթերթը, Հայաստանում արտադրվող ալոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը, հյութերն ու չրերը կհայտնվեն Չինաստանի Խայնան կղզում: Այս մասին 3 ամիս առաջ ծավալված խոսակցություններն արդեն ամրագրված են հայ-չինական համաձայնագրով:


Գյումրի այցելած «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության մասին համաձայնագիր ունեն: Հայաստանից Խայնան հասած ապրանքները կներկայացվեն այնտեղ բացվող Առեւտրի տանը: Ըստ Սիմոնյանցի, Խայնան կղին ընտրել են մեկ պարզ պատճառով: Տարեկան այնտեղ այցելում է 70 մլն զբոսաշրջիկ, հիմնական մասը չինացիներ: Կղզում իրենց հանգիստն անցկացնողները վճարունակ մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց նման շռայլություն թույլ տալ, գրում է ՀԺ-ն:


Այդ զբոսաշրջիկների մեծ մասը եղել են նաեւ Հայաստանում, եւ գիտեն, թե այստեղ ինչեր կան: Հենց դրա համար էլ Առեւտրի տունը կբացվի այդ կղզում: «Հայկական մթերքը չինացիներին առաջին հերթին գրավում է իր էկո լինելով, դա առաջնայինն է: Հիմնականում խոսքը հանքային ջրերի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի ու պահածոների մասին է: Ինչպես նաեւ նախատեսում են ամբողջական ծառայություններ մատուցել: Հայկական խոհանոց չկա, բայց շնորհիվ Հայաստան ժամանած չինական պատվիրակության անդամների, որոնք դեռ այստեղ 5 օր կմնան, նաեւ այդ հարցը երեւի կարգավորվի: Մենք ամեն օր նրանց զարմացնում ենք հայկական խոհանոցով, եւ անընդհատ նրանք աչքերը զարմանքից լայն բացում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր սովորական մթերքից պատրաստել այնպիսի ուտեստ, որ համից չկշտանան, մատներն ել հետն ուտեն»,-ասաց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:


«Իրենք քննարկում են ունեցել Հայաստանի ֆինանսական ղեկավարների հետ, եվ կարծես թե եկել են համաձայնության մեր երկրից դուրս հանվող ապրանքների Չինաստանում ներկայացվածության պարագայում ԱԱՀ-ից այնտեղ ազատվելու մասով: Սա բավականին գրավիչ է դարձնում մեր որակյալ էկոլոգիապես սննդային մթերքները: Թե ի՞նչ կարտահանվի, կորոշվի քննարկման արդյունքում: Կստեղծվի հանձնախումբ, իրենք կներկայացնեն ինչն է հետաքրքրում, գիտենք, որ չրի կարիք կա, ոչ թե հյութեր պատրաստելու համար, այլ թեյ, ինչպես նաեւ որոշ բույսերի ու դեղաբույսերի պահանջարկ կա»,-ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:


Գյումրի այցելած չինական պատվիրակության հիմնական հետաքրքրությունը միայն այս ծրագիրը չէ: Չինական կողմը հիմնականում լուրջ շահագրգռվածություն ունի բազալտի եւ բազալտի թելերի արտադրության հետ կապված: Շիրակի մարզի տարբեր հանքերում են եղել, նաեւ Լոռին ունի բազալտի լավ հանքեր: Կուսումնասիրեն, կհասկանան, ինչպես են համագործակցելու: «Մեր ներդրողները Հայաստան եկան հիմնականում բազալտի արտադրությամբ լուրջ հետաքրքրվելու համար, սակայն այս օրերի ընթացքում իրենց համար պարզեցին, որ Հայաստանի ներուժն ավելին էր, քան զուտ բազալտի արտադրությունը»:


Հնարավո՞ր է արդյոք չինական կողմը նաեւ բնակարանային շինարարություն նախաձեռնի: Սիմոնյանցն ասաց՝ չի բացառվում: «Մենք Գյումրիում շրջելու ենք, մի քանի շինություններ ենք ուսումնասիրելու, որպեսի մեր գործընկերները հասկանան, թե որտեղ կարող են այդ բազալտն օգտագործել: Մենք արդեն Շիրակի մարզպետի կողմից մի տարածքի առաջարկ ենք ստացել Գյումրիում, դա արդեն ավարտուն շինություն է, որը կարող ենք օգտագործել կամ որպես տեխնոպարկ, կամ որպես Չինական ավանդական բժշկության կենտրոն»:


Ինչու՞ է համագործակցության սլաքն ուղղվել դեպի Շիրակի մարզ եւ Գյումրի: Հստակեցվեց. կարեւոր դերակատարությունն այդ ընտրության մեջ բաժին է հասնում «Շիրակ» օդանավակայանին: Երկրորդ տեղում է նոր բացվելիք մաքսատան առկայությունը: Չի բացառվում, որ մոտ ապագայում հենց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից հնարավոր լինի Չինաստան թռչել: Չինական 3 ավիաընկերությունների հետ արդեն քննարկումներ են սկսվել Հայաստան-Չինաստան ավիափոխադրումների իրականացման համար:


«Հիմա քննարկվում է, թե որ օդանավակայանը կլինի առավել հարմարավետ չինական ավիաընկերությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիափոխադրումը բավականին երկարատեւ է: Այս առումով ավիաընկերություններն ունեն հատուկ պահանջներ, որոնք բավարարել է պետք: Մենք նաեւ դիտարկում են Գյումրու օդանավակայանը, քանի որ մոտ ապագայում ամուր կապեր ենք ունենալու այս քաղաքի հետ: Եթե Գյումրին համապատասխանի այդ պահանջներին, ինչպես նաեւ բավարարի չինական կողմի տեխնիկական պահանջները, այն մեր համար կլինի համար առաջին օդանավակայանը»,- ասել է «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:


Առաջիկայում Չինաստան կմեկնի Շիրակի մարզպետը, որպեսզի հենց տեղում առավել առարկայական քննարկեն համագործակցության հնարավոր տարբերակները: