Հիմնավոր եմ համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը. նախարար
Ես հիմնավոր եմ համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած ԱԺ դիմումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ն, օգտվելով իրեն վերապահված լիազորությունից, ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, որի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում:
«Կան խնդիրներ, որոնք Ազգային ժողովի կողմից արձանագրվել են, և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր եմ համարում ԱԺ դիմումը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ Կառավարության ներկայացրած ռազմավարության մեջ նույնպես նշված է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ՍԴ-ի մոդելը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահին ներկայացրեց Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Այն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում: