23.11.2024
Ռուսաստանը Հայաստանին անհատույց $20 մլն կհատկացնի՝ մարդասիրական ծրագրերի համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քրեական գործերի տեղատարափ է սպասվում. ովքե՞ր են Փաշինյանի թրի թիրախում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշաագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում քրեական գործերի տեղատարափ է սպասվում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը սուրն առնելու է ու ընկնի նախկինների հետեւից, բայց նպատակը ոչ այնքան նախկիններին բանտերը լցնելն է, դրա համար բավարար ապացույցներ էլ չկան, այլ նրանցից գումար կորզելը, կուլակաթափ անելը, որի մասին վարչապետը հայտարարեց ԱՄՆ այցի ընթացքում, թե բոլոր նախկինները վերադառնալու են 98 թվականի կարգավիճակին։ Սա նաեւ «թավիշից» դժգոհողներին բավարարելու համար է արվում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Օֆշորների թագավոր», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ 2016 թվականին հայ իրավապահները գրությունով տեղեկություններ են խնդրել Միհրան Պողոսյանի բանկային հաշիվների մասին, ի պատասխան գրության` Շվեյցարիայից հայտնել են, որ եթե Հայաստանում Միհրան Պողոսյանի՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, ապա այդ գործի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որպեսզի շվեյցարական կողմը տրամադրի ՀՀ-ին Պողոսյանի բանկային հաշիվների մասին տեղեկություն: Սակայն Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է` նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Ասել է թե՝ ի սկզբանե իրավապահ համակարգը այս գործի պատշաճ քննություն չի իրականացրել, եւ 2017-ին գլխավոր դատախազությունը կարճել է այն: Ու հիմա, երբ ՀՔԾ-ն վերաբացել է այս գործը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, թե նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել, պարզապես հիմա «նոր հանգամանքներ են ի հայտ եկել»: Այդ դեպքում ինչո՞ւ Շվեյցարիայից հավելյալ տվյալներ չի ուզել դատախազությունը: Հարցը մնում է անպատասխան»։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը: Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգեւորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ: Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաեւ Լոռու հոգեւոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: Ասում են` Սերժ Սարգսյանը մի քանի կենաց է ասել` նվիրված Հայաստանին, Արցախին, բանակին, ազատամարտիկներին, հերոսներին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին: «Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլեւ օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների: «Մի զարմացեք,- ասել է Սերժ Սարգսյանը:- Անկախ օրվա իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, Աստված մի արասցե, եթե մեր երկրի մատը վաղը փուշ մտնի, այս իշխանություններից է կախված` երկիրը կկարողանա՞ այդ ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում եւս մեկ «ինցիդենտ» լինի: «Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24–ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»: Գեներալին հերթով խնամում են նրա որդեգրած, զոհված եղբոր որդիները` Արայիկն ու Սամվելը։ Նրանք գրությամբ դիմել են ՔԿՀ եւ խնամելու թույլտվություն ստացել: Իսկ առողջապահության նախարարության ձեւավորած հանձնաժողովը հետազոտությունները կատարել է, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չի տալիս՝ սպասում են վարչապետը գա ԱՄՆ-ից, նոր նիստ գումարեն: Մոտ օրերս եզրակացությունը կլինի: Ի դեպ, Մ. Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի. ժամանակ առաջ նրան տեսության է գնացել Արամ Զավենի Սարգսյանը»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո նախկին մեկ այլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սրտաճմլիկ տեքստեր էր արտասանում Հարությունյանի մասին: Մինչդեռ Սարգսյանին ճանաչողներն ասում են, որ երբ նա ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Հայկ Հարությունյանին, ցանկացած անպատեհ առիթով բողոքում էր նրա թողած ժառանգությունից, եւ նույնիսկ մարդկանց հրավիրում էր Հարությունյանի նախկին աշխատասենյակ, որպեսզի բոլորը համոզվեն, թե ինչպիսի փնթի ու անփույթ ժառանգություն է ստացել նախկին ոստիկանապետից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի` խոսքը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մասին է։ Մեր տեղեկություններով՝ Առուստամյանն այս պատմությանը ներգրավված է եղել առանց Գագիկ Ծառուկյանի իմացության, եւ օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը եւ անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։ Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, եւ դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Փաստ» թերթն անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի պատվին տրված մեծ ճաշկերույթին (գալա ընդունելություն)՝ նշելով, որ տոմսերը վաճառվել են 250 դոլարով։ Երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս թեմայով։ Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ, ճաշկերույթի մասնակցության համար վաճառվել է մոտ 650 տոմս, ինչից կարելի է եզրակացնել, որ տոմսերի վաճառքի հասույթը կազմել է շուրջ 160 000 դոլար։ Ըստ նույն աղբյուրի, ճաշկերույթի ընդհանուր հաշիվը, այսինքն՝ ողջ ծախսը հոգացել են երկու ամերիկահայ մեծահարուստ, որոնց անունը, սակայն, չի նշվում։ Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակների համար է հավաքվել նշված գումարը եւ ինչի վրա է ծախսվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնովին նորոգվում է այն առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ թողել են միայն, կոպիտ ասած, շենքի պատերը, փոխվում են սենյակների դասավորությունը, դիզայնը, ամեն ինչ։ Քանի որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն անցել է կառավարության աշխատակազմին, զանգահարեցինք կառավարություն։ Այնտեղից պատասխանեցին, որ 2019 թվականի ընթացքում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ ընդհանուր թվով 8 առանձնատուն՝ գումարած կաթսայատունը, ընթացիկ վերանորոգումների է ենթարկվում։ Հարցին, թե դա ինչով է պայմանավորված, ասացին․ «Պայմանավորված է ընթացիկ վերանորոգումներով, սա տնտեսություն է, որում մշտապես վերանորոգման խնդիրներ են առաջանում․ ջրահեռացում, բարեկարգում եւ այլն»։ Բնականաբար, հրաժարվեցին մեզ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել, քանի որ ՀՀԿ-ն ժամանակին օրենսդրական փոփոխությամբ հասել էր նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաների կեցության եւ այլ ծախսերը չէին տրամադրում մամուլին։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընթացիկ վերանորոգում չէ՝ ծախսվում է մոտ 2 միլիոն դոլար, առանձնատունը նորոգվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվի նոր մասնաշենք։ Հինը չեն հավանում, իսկ Սերժ Սարգսյանի ապրած շենքում առանց հիմնանորոգման չեն ցանկացել ապրել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները: Եւ երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է: Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաեւ շատ վախեցած եմ: Ես երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ»։


«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։ Վերջինս այլ հետաքրքիր բացահայտումներ եւս արեց։ Խմբակցության աշխատանքները շատ յուրահատուկ ձեւով են կազմակերպվում, ամեն խումբ խմբակցության սեփական փոքր նիստերն է անցկացնում։ Բոլորին նույն տեղում հավաքելն արդեն Լիլիթ Մակունցի ուժերից վեր է։ Ավելին, նա ձեւական առումով է խմբակցության ղեկավար, քանի որ ոչ մի հարցում միասնական որոշում չի ընդունվում։ Առավել ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սասուն Միքայելյանի շուրջը։ Նա խմբակցությունում համարվում է ոչ վստահելի մարդ, նրա ներկայությամբ շատ հարցեր չեն քննարկվում, իսկ վերջինս էլ լուրջ հակասությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչն առաջիկայում կդրսեւորվի հրապարակային հայտարարություններով եւ քայլերով։ Օրերս արդեն արձանագրվեց «ճեղքում». անդրադառնալով Վանեցյանի ուսադիրներն աղբանոց նետելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը` Սասունն ասել է. «Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, ես էլ եմ ուսադիր կրել»։


«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնախմբություններն ամեն տարի հոկտեմբերի սկզբին անցկացվում էին մեծ շուքով։ Որպես կանոն, նախապես ազդարարվում էր այդ մասին, տեղեկանում էինք, թե մոտավորապես ինչպես պետք է նշենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը, հյուրեր էին հրավիրվում, քաղաքը պատրաստվում էր ու սպասում տոնական այդ եռուզեռին։ Այս տարի, սակայն, հոկտեմբերը մոտենում է, բայց տոնական նախատրամադրվածություն չի նկատվում։ Հասկանալի չէ, թե երբ է նշվելու «Էրեբունի-Երեւանը», առհասարակ նշվելու է, թե ոչ այդ տոնը, ինչ միջոցառումներ են լինելու։ Ընդ որում, շատերն են մեզ հարցնում այդ մասին։ Գուցե ազդարարվել է, բայց ինչպե՞ս, եթե հանրությունը չգիտի։ Հաշվի առնելով «թավշյա» իշխանությունների անհանդուրժողականությունը նախկինից մնացած ամեն ինչի նկատմամբ, բարի ավանդույթների նկատմամբ տոտալ մերժողականությունը, չի բացառվում, որ «Էրեբունի-Երեւան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, հանվի օրակարգից։ Կարեւորը նոր Հայաստանի Քաղաքացու օրն է՝ իր խորոված փարթիներով»:


«Ժողովուրդ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երեւանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համաձայնության հասնել, որպեսզի խորհրդի երեւանյան նիստին ռուսական կողմից հենց Պուտինը մասնակցի: Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երեւան կժամանեն նաեւ Սինգապուրի եւ Իրանի ղեկավարները՝ թերեւս համաժողովականներին ակնարկելով, որ ԵԱՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միջին Արեւելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում եւ Սիրիայում, ինչպես նաեւ Իրանում, որոնք փաստացի պատերազմական դրության մեջ են Իսրայելի հետ: Այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել այդ երկրների իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ: Հիմա տեղի հայկական կուսակցությունները եւ համայնքային կազմակերպությունները խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչպես արձագանքեն այս նոր իրողությանը»:


«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, եւ 16:00-ին էլ կվերադառնա: ԵԱՏՄ երեւանյան նիստի նախապատրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է: Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ-ռուսական հարաբերություններում առերեւույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գործընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին... Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են: Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները, նաեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը: Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միեւնույնն է, սխալը շտկել չստացվեց: Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երեւանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու»: