VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» օրաթերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաեւ գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ: Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վարդանյանի քույրն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, եւ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի այս շարքը: Հետեւությունը մեկն է՝ ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենեւին էլ չի վերացել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ խոսվեց և վարչապետի շուրթերով շարունակվում է խոսվել Քոչարյանների կուտակած միլիոնների մասին։ ԱԱԾ-ում անգամ քրեական գործ հարուցվեց, սակայն այդ գործը այդպես էլ որևէ հանգուցալուծում չի ստանում։ Փոխարենը՝ Սեդրակ Քոչարյանը սկսեց աջ ու ձախ դատի տալ այն մարդկանց, ովքեր խոսում էին իրենց միլիոնների մասին։ Բոլորը գիտեն, որ Սեդրակ Քոչարյանը եղել է «Նոկիա» հեռախոսների ներկրման բիզնեսի հիմնական փայատերը։ Տարիներ առաջ, եթե ուրիշ մեկը փորձում էր «Նոկիա» ներկրել, արժանանում էր դաժան ճակատագրի։ Բայց շատ քչերին է հայտնի, որ այդ տարիներին Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում «փայատեր» է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ով հեղափոխությունից հետո նախ նշանակվեց վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, ապա՝ նախագահի օգնական: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ թերևս Վանեցյանը առանձնապես շահագրգռված չէր կրտսեր Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերի քննության հարցում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եղբայրը՝ Աշոտ Թովմասյանը, երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում՝ ՊԵԿ ստուգումների վարչությունում։ Այս վարչությունը հիմնականում զբաղվում է խոշոր, «յուղոտ» ստուգումներով, որը ենթադրում է նաև «յուղոտ» կաշառքներ, շնորհակալություններ։ Աշոտ Թովմասյանը, սակայն, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից։ Ընդ որում՝ սեփական կամքով, նրան չեն հեռացրել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանն է խնդրել եղբորը ազատվել այդ պաշտոնից, որպեսզի նրա կոռումպացվածության պատճառով ինքն ավելի խոցելի չլինի»։
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»: 168.am-ի հարցին՝ անուններ կա՞ն, ովքե՞ր են տարածքներ գնող այդ պատգամավորները, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Անուններ չեմ նշի, որովհետեւ ես այստեղից-այնտեղից լսում եմ, բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես խոսակցություններ են: Դուք տեսաք, որ 6 ամսվա պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար: Մերոնցից ոչ մեկի մտքով չէր անցնի բյուջեից փող վերցնել, խալի լվալ ու դա վերածել ինչ-որ տոնի: Դրանք մարդիկ էին, ովքեր մեծ-մեծ խոսում էին բյուջեի թալանի մասին: Ես մշտապես ասել եմ, որ հասարակությունն է հիվանդ… եթե ուզում եք իմանալ՝ այս 30 տարիների ընթացքում այսպիսի անմեղսունակ ոչ պառլամենտ ենք ունեցել, ոչ էլ իշխանություններ: Ժամանակի ընթացքում մենք կադրերի բանկ ենք ձեւավորել, հրաշալի կադրեր ենք ունեցել, եւ այսօր խոսել հների մասին, բայց ունենալ մարդիկ, ովքեր նախկիններից են, եւ միայն իրենք են այսօր պրոֆեսիոնալ աշխատանք տանում նույնիսկ այս իրավիճակում, սա զավեշտ է: Իրենց էլ հանի, փողոցից մեկին բեր, ինչ կասես՝ ինքն էլ կանի, եւ երկիրը վերածեք ծիծաղելի վայրի: Այսքան մարտահրավերների դեպքում, կարծում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»: Հարցին՝ այսինքն, ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողների անուննե՞ր էլ չեք տալու, ՀՀԿ անդամը նշեց. «Ինքներդ կարող եք պարզել: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, կարող եք բացել ու պարզել: Այնպես չէ, որ մեծ գաղտնիք եմ ասում: Մեծ հաշվով, ինձ թվում է՝ երկիրը քանդելու ամբողջ ֆինանսավորումը գալիս է հենց այդտեղից՝ «Սորոսի» գրասենյակ, արեւմտյան կառույցներ… իրենք, հնարավոր է՝ պարզապես միջնորդ են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։ Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է և հասել 25 տոկոսի։ Սակայն, մեր տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել։ Ճիշտ է՝ հարցումն արվել է մինչև ուժայինների վերջին հրաժարականները և ԱՄՆ այցը»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է և իր ընկերն էլ կմնա, այնուհետև հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։ Միքայելյանին զուգահեռ՝ իշխանությունների համար անակնկալ հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «ինքը լուրջ մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»։ Ահա այս երկու՝ իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձինք նման թեզեր են հնչեցրել Փաշինյանի համար ցավոտ երկու հարցի հետ կապված։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարություններից հետո կառավարության աշխատակազմում լուրջ լարվածություն է նկատվել. ըստ տեղեկությունների, Փաշինյանը կապ է հաստատել Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հետ, հորդորել թիմի նկատմամբ լինել գերուշադիր մինչև իր վերադարձը, նաև հավելել, որ Սասուն Միքայելյանի հարցը դնելու է կուսակցության վարչության քննարկմանը, և չի բացառվում, որ Միքայելյանը հեռացվի կուսակցությունից։ Խոսակցություններ կան, որ նա հրաժեշտ կտա նաև ԵԿՄ նախագահի պաշտոնին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տագնապած են՝ հոկտեմբերի 1-ին Հրայր Թովմասյանի «իմպիչմենտի» նախագիծը ՍԴ-ում կունենա՞ «հեփփի ընդ»։ Անհրաժեշտ է ՍԴ 6 անդամի ձայն, ինչն այս պահին չունեն։ «Ունեն 3 ձայն` Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Ֆելիքս Թոխյան։ Բայց լուրջ աշխատում են մյուս անդամներին համոզելու վրա, մի մոռացեք, որ Վանեցյանի հրաժարականի լեյտմոտիվներից մեկը հենց այդ գործը «գլուխ չբերելն» էր։ ՍԴ այդ նիստին Թովմասյանը չի մասնակցի, հույս ունեն՝ դա կնպաստի, որ դատավորները կողմ քվեարկեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ տեղեկացրեց, որ Վենետիկից Քոչարյանի գործով եզրակացությունը կլինի մինչեւ հոկտեմբերի վերջը։ ՍԴ-ն կհասցնի՞ մինչ այդ քննել Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։ «Դժվար է ժամանակային կանխատեսումներ անելը: Ընդ որում, նրա հեռացումն օդի-ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին՝ ոչ միայն Քոչարյանի եւ ոչ էլ Ստամբուլյան կոնվենցիայի գործով, այլ առջեւում հանրաքվեի գործընթաց կլինի` պառլամենտականից նախագահականի անցման, Թովմասյանը խանգարող «հանգամանք» է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոռուպցիոներներին պաշտոնի նշանակել, ծանոթ-բարեկամներին համակարգում տեղավորել, շահերի բախում. այս բոլոր երեւույթները հեղափոխությունից հետո դեռեւս պահպանվում են ՊԵԿ-ում։ ՊԵԿ նախագահի տեղակալի եւ այլ պաշտոնյաների ազգուտակի՝ համակարգում աշխատելու մասին բազմիցս ենք գրել։ Օրերս էլ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ֆիրման՝ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն վերապատրաստել է ոչ ավելի, ոչ պակաս ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Այսինքն՝ Անանյանը պետական բյուջեի հաշվին իր ընկերության համար «գործ է կպցրել»։ Այստեղ կարեւորն այն է, որ մինչեւ ժամը 18։00-ն Անանյանը լինելով ՊԵԿ նախագահ, ըստ էության, 24 ժամ հաշվապահ է աշխատում, եւ ինչպես Վանեցյանը հանդիսանում էր նախորդ իշխանությունների անվտանգության երաշխավորը, Անանյանը նախորդների տնտեսական անվտանգության երաշխավորն է։ Նրա հետհեղափոխական խայտառակ նշանակումները դա են փաստում. Ա. Նանյան՝ մարտի 1-ի ոճրագործի որդի, Ա. Միրզոյան՝ Սեդրակ Քոչարյանի բաջանաղ, հայր եւ որդի Զաքարյաններ՝ Սերժ Սարգսյանի օգնականի որդի եւ թոռ, Ռաֆիկ Մաշադյանի հարազատների ողջ չափահաս հատվածը, տասնյակ աշխատանքից հեռացված կոռուպցիոներներ»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը կոնկրետ գործով այլևս միջազգային տնտեսական դատարանում (ICSID) չի ներկայացնում ՀՀ շահերը։ Խոսքը վերաբերում է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործին, որով ICSID-ում ՀՀ շահերը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեթև ձեռքով ներկայացնում էր «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությունը։ Սկսած 2017 թվականից՝ ՀՀ շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն էր, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող արդեն արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը։ Նրանք, վերջապես, հեռացվել են այս գործից, քանի որ աբսուրդ էր, որ ներկա կառավարությունը շարունակում էր միլիոններ վճարել Քոչարյանի փաստաբանին ու նրա ընկերներին՝ նախկին նախագահի եղբոր մասնակցությամբ, հովանավորչությամբ տեղի ունեցած մի թալանի գործը միջազգային դատարանում արդարացնելու համար»։
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում: Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն չէ, այլ հակառակը՝ դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»: Ռուս մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ այսպիսով ռուսները Հայաստանի իշխանություններին պարզապես ասում են. «Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ»: Ի դեպ, խնդիրը բարդանում է նաև նրանով, որ առկա ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլև կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»:
«Փաստ» թերթը գրում է. «Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա: Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն ունեն, միևնույն է, դրանք ոչինչ չեն արժենա այն գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում անցած մեկուկես տարվա ընթացքում: Պետության ունեցած պոտենցիալի առավել արդյունավետ կիրառման համար ոչ պակաս նշանակություն ունի հասարակության ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը։ Եվ ընդհանրապես, այն հասարակությունների համար, որոնց ներսում իշխում է հատվածականության և տարանջատվածության մթնոլորտը, դժվար է լինում մեծ չափով օգտագործել երկրի ներուժը և առաջընթաց գրանցել, որովհետև հասարակության տարբեր հատվածների միջև առճակատումը խլում է անիմաստ ռեսուրսներ։ Իսկ շատ հաճախ հասարակության ներսում ստեղծված տարանջատվածությունը կարող է դուռ բացել երկրի հետընթացի համար: Այդպիսի օրինակներ աշխարհի պատմությունը հաճախ է տվել, ընդ որում՝ ոչ անպայման հին կամ հնագույն ժամանակների պատմությունը, այլ նաև նոր ու նորագույն ժամանակների:
Հիմա մենք չափազանց վտանգավոր սահմանագծին ենք. իշխանափոխությունից ի վեր մեր երկրում նկատվում է թշնամանքի, չարության, մաղձի դոզայի կտրուկ աճ։ Թվում էր, թե սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո իշխանության եկածները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մեղմացնեն ատելության տարածումը հասարակության որոշ շերտերի նկատմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը։ Կամա, թե ակամա հենց իրենք դարձան այդ մթնոլորտի խորացման, հասարակության մեջ անդնդախոր ճեղքերի առաջացման, փոխադարձ ատելության սերմանման խթանողը: Այսօր մեր հասարակության ներսում չարության, նախանձի, հայհոյանքի և ատելության տարածումը շատ վառ արտահայտվում է հատկապես սոցցանցերում, երբ հատկապես իշխանական ու «իշխանամերձ» օգտատերերը և ֆեյքերը ամենավերջին լուտանքներն են թափում տարբեր մարդկանց հասցեին։ Նույնիսկ նրանց հասցեին, որոնք ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին են հարում, այլ պարզապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին: Ուշագրավ է, որ շատ հաճախ անգամ կանայք են հայհոյելու հարցում ռեկորդներ գրանցում։
Ու թիրախավորվում են բոլորը, որոնք մի «թթու խոսք» են ասել իշխանության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի հասցեին: Կարևոր էլ չէ՝ ով է դիմացինը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ունի: Այդպես հայհոյում, պիտակավորում, անվանարկում ու վարկաբեկում ենք սեփական կարծիք ունեցող բոլորին՝ բժշկին, գեներալին, զինվորին, քաղաքական գործչին, մանկավարժին, դատավորին, լրագրողին, մտավորականին: Մի խոսքով, իշխանության անսխալականության համոզմունքի «ամրոցները» թուլացնող բոլորին ու յուրաքանչյուրին: Նաև սրա արդյունքն է, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանության տեղեկության թեմայով մոլի իշխանական օգտատերը գրում է. «Տարոսը մյուս գեներալներին»: Եվ ինչ զարմանալու բան կա, որ նմանատիպ գրառումները դառնում են գերակայող... Ինչպես տեսնում ենք, 100 (այն մի 100-ն էլ գումարենք, ուրեմն՝ 200) փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել, և դա հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճն է։ Իսկ այս պայմաններում ակնկալել, թե մեր երկիրը կարելի է դնել զարգացման ռելսերի վրա, անհնար է, քանի որ հասարակության ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր հասնել մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Իսկ փոխադարձ անվստահության և ատելության աճը մեր երկիրը տանելու է ցնցումների: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում ստեղծված յուրաքանչյուր լարված իրավիճակ շատ պատեհ առիթ է ստեղծում Ադրբեջանի համար սահմանում սադրանքների դիմելու հարցում: Ի վերջո, մենք այդպիսի իրավիճակի փորձ ունեցել ենք: Եվ ոչ մեկ անգամ: Եթե ներկայիս կառավարությունը շարունակի անտեսել հասարակության ներսում ստեղծված անառողջ մթնոլորտը և քարտ բլանշ տա ատելության տարածման գործելակերպին, ապա ստեղծված թունավոր մթնոլորտը մի օր պայթելու է, որի արդյունքում տուժելու է ոչ միայն իշխանությունը (որևէ կառավարության ձախողում ոչ մի նշանակություն չունի), այլ առաջին հերթին պետությունը, ինչը պարզապես անթույլատրելի է»: