26.11.2024
Իսրայելը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն՝ ԱՄՆ-ի պլացդարմ ընդդեմ ՌԴ-ի

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի կողմից նախաձեռնված տրանսռեգիոնալ էներգետիկ նախագծերին, այդ թվում Հարավային գազային միջանցք ռազմավարական նախագծին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի խորհրդական Ջորջ Քենթը:


ԱՄՆ-ի գեոպոլիտիկ ռազմավարության մեջ է մտնում Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-ԵՄ անխափան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը, որտեղ Ադրբեջանին վերապահված է կարևոր դերակատարություն՝ կապող օղակ Կասպից ծովի երկու ափերի միջև:


Ադրբեջանն իր տարածքը վերածել է էներգետիկ-տրանսպորտային խաբի՝ միջանցքի, որպեսզի նավթ և գազ արտահանող երկրից, Շահ Դենիզ և այլ հանքավայրերն օգտագործելով, վերածվի նաև տարանցիկ երկրի՝ ղազախական և թուրքմենական գազի ու նավթի համար:


Ղազախստանի ուղղությամբ Բաքուն շեշտը դրել է Տրանսկասպյան միջանցքի վրա՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ շղթայի կառուցման տեսքով, իսկ Թուրքմենստանի ուղղությամբ՝ Տրանսկասպյան գազամուղի կյանքի կոչում կամ Լյապիս-Լազուլի (Lapis Lazuli Corridor) նախագծի կյանքի կոչում, ինչը թույլ կտա թուրքմենական էներգետիկ և այլ ռեսուրսներն Բաքվի միջազգային նավահանգստով և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, TANAP և այլ էներգետիկ, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային լոգիստիկայով արտահանել դեպի Թուրքիա և ԵՄ՝ դրանով կառուցելով ՌԴ-ն շրջանցող երկու կարևորագույն միջանցքներ:


Ղազախստան-Ադրբեջան-Կովկաս-ԵՄ, Թուրքմենստան-Ադրբեջան-Կովկաս-ԵՄ միջանցքները պետք է թուլացնեն Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից ու ծառայեն ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերին հետխորհրդային տարածքում:


ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ցանկանում են նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում ԵԱՏՄ-ի տարածքում՝ Ղազախստանն ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է:


Այդ ռազմավարության կյանքի կոչմանն է ուղղված նաև ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությունը, որպես ՌԴ-ն շրջանցող միջանցք ու հակառուսական պլացդարմ ՌԴ-ի սահմանների երկայնքով: Այդ կազմակերպության առկայությունը նույնպես բխում է ամերիկյան շահերից, այստեղ նույնպես կարևոր դերակատարում ունի Ադրբեջանն, որն իր էներգետիկ ռեսուրսներով նպաստում է Ուկրաինայի և Վրաստանի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանն ու ռուսական էներգետիկ ազդեցության թուլացմանը վրացական և ուկրաինական շուկաներում:


Այսպիսով, Ադրբեջանը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի պլացդարմն է ՌԴ-ի, Իրանի դեմ, ինչպես նաև այն կարևոր միջանցքը, որը թույլ է տալիս հսկել էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկան Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա ուղղության վրա: