Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են. Տոնոյանը՝ դիվերսիոն փորձի մասին
Չեմ կարող ասել, թե ինչո՞վ է պայմանավորվում հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը. թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը այս պահի դրությամբ պատասխան տալու խնդիր չունի, հակառակը՝ իր հումանիտար պարտքը կատարել է, իսկ «պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել։
Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կողմը երեկ դիմել էր ԿԽՄԿ-ին՝ դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։