24.11.2024
Հոկտեմբերի կեսերին Էրդողանը կայցելի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Թուրքիա-Ադրբեջան տանդեմը՝ Իսրայելի հարավկովկասյան դաշնակից

Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծել (նստավայրը՝ Թել Ավիվ):


Իսրայելը տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին, իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում այն: Իսրայելը փաստացի ռազմական արդյունաբերության նորագույն ոլորտներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ անօդաչուների արտադրություն և այլն:


Իսրայելի համար ՀՀ-ն՝ ՌԴ-ի և Իրանի հետ ռազմավարական, դաշնակցային կապեր ունեցող երկիր է, իսկ Իսրայելի համար տարածաշրջանային դաշնակիցներ են Թուրքիան ու Ադրբեջանը` երկու պետություններ, որոնց նպատակն է բնաջնջել հայությանն ու ոչնչացնել հայոց պետականությունը: Իսրայելը բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ, գնում է ադրբեջանական նավթն ու այնտեղ ունի հրեական զգալի համայնք:


Ի տարբերություն Իսրայել-Ադրբեջան կապերի՝ տնտեսական, էներգետիկ, ռազմա-քաղաքական, հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են: Իսրայելի համար Հարավային Կովկասում թիվ մեկ դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ երկրորդական դաշնակիցը` Վրաստանը, որն ԱՄՆ-ի դաշնակիցն է, հակառուսական պլացդարմ ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտորեն, բազմաթիվ թելերով կապված երկիր:


Հայաստանի դիվանագիտությունը պետք է հաշվարկի Իրանի սուր արձագանքն ու իր խողովակներով ճշգրտի հայ-իրանական հարաբերությունների վրա հնարավոր բացասական հետևանքները՝ ՀՀ-Իսրայել կապերի խորացման ֆոնին:


Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանն ունի արդեն 30 տարի, սակայն այս տասնամյակների ընթացքում հանրապետություն չեկան իսրայելական խոշոր ներդրումներ, իսրայելական ռազմական տեխնոլոգիաներ, այսինքն դեսպանատուն բացելով իրականում չեն լուծվելու այդ բոլոր հարցերը: Խնդիրը կայանում է նրանում, որ գեոպոլիտիկ շահերի առումով Իսրայելն ու ՀՀ-ն ունեն հակադիր դիրքորշումներ՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի, Իրանի հարցում Հրեական պետության դիրքորոշման մասով և այլն:


Հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զարգանան, սակայն առաջին հերթին պետք է խրախուսել տնտեսական կապերը, որոնք այն հիմքն են, որոնց վրա կառուցվելու են նաև քաղաքական համագործակցությունն ու կապերի խորացումը:


Մինչ այս պահը ՀՀ-ի դեսպանատունն Իսրայելում չէր բացվում, որպեսզի հարվածի տակ չդրվեն այն մեծաթիվ հայ համայնքները, որոնք բնակվում են Մերձավոր Արևելքի արաբական երկրներում, ինչպես նաև հենց Իրանում, որտեղ ակտիվ հայ համայնք կա: Դեսպանատան բացումը նաև որոշակի առումով հարվածի տակ է դնելու հայ համայնքները՝ չմոռանանք արաբական աշխարհի հարաբերություններն Իսրայելի հետ, ինչպես նաև Թեհրանը կարող է փոխել իր վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Իսրայելում նույնպես առկա է հայկական համայնք, Երուսաղեմն ունի հայկական թաղամաս, սակայն մինչ այս պահն Իսրայելում ակտիվ աշխատանքներ էր տանում հայ համայնքի հետ միայն Հայ Առաքելական եկեղեցին: Այժմ եկեղեցու ազդեցությունն որոշակի առումով կարող է թուլանալ և հիմնական գործառույթները հայ համայնքի ուղղությամբ սկսի իրականացնել ՀՀ դեսպանատունը: