24.11.2024
Ողբերգական ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու զոհ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի մտահոգությունների մասին

Աժ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:


«Հետեւելով ՀՀ Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետեւյալ մտահոգությունները.

1. ՍԴՈ-1476 որոշման մասով՝


Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր ՍԴՈ-1476 որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել եւ/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:


Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործով համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում եւ ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը եւ հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:


Ընդ որում՝ այս ճանապարհով (զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից) կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական եւ քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար:


Ինչ վերաբերում է ՍԴՈ-1476 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց որեւէ առերեւույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից:

2. ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված ՍԴ դիմումների մասով՝


Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 եւ ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:


Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործերով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ եւ դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող:

3. ՍԴ ինքնավարության եւ քաղաքական ազդեցության մասով՝


Ավելորդ չեմ համարում նշել, որ 2018թ. ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018թ. մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հ. Թովմասյանի մինչեւ 2035թ նախատեսվող պաշտոնավարումն ըստ էության զրկել են ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից:


Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ:

Կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ»: