ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հրաժարական է տվել: Նա համարվում էր «բազեների» ճամբարի ներկայացուցիչ և աչքի էր ընկնում իր կոշտ քաղաքականությամբ ՌԴ-ի և Իրանի նկատմամբ:
Չնայած Բոլթոնն այլևս ԱՄՆ-ի նախագահի օգնականը չէ, սակայն ԱՄՆ-ի քաղաքականությունը ՌԴ-ի ու Իրանի նկատմամբ շարունակելու է մնալ կոշտ ու անզիջում, ինչը պայմանավորված է գեոպոլիտիկ և գեոտնտեսական շահերով:
Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին, ապա ԱՄՆ-ն այստեղ կառուցում է հակառուսական և հակաիրանական կոալիցիա ի դեմս Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռանկյունու, որին ցանկանում են միացնել նաև ՀՀ-ին, սակայն դա այդպես էլ չի ստացվում:
ԱՄՆ-ի համար կարևոր է սահմանափակել ռուսական և իրանական ազդեցությունը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովում և ապահովել այդ տարածաշրջանների էներգետիկ ռեսուրսների անխափան արտահանումը Արևելք-Արևմուտք միջանցքով դեպի Եվրոպա:
Այդ ռազմավարությանն է միտված Հարավային գազային միջանցքը, TANAP և այլ նախագծերը, որոնք իրականացվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Վրաստանի լոգիստիկ հնարավորություններն օգտագործելով, սակայն Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային միջանցքը ծառայում է առաջին հերթին անգլո-ամերիկյան շահերին տարածաշրջանում:
ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար կարևոր է ունենալ ռուսական գազին այլընտրանք և նվազեցնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Այդ պատճառով Արևմուտքի համար այդքան կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքը, որին փորձ է արվում միացնել նաև գազով և նավթով հարուստ Ղազախստանն ու Թուրքմենստանը:
Բոլթոնի հեռանալով ԱՄՆ-ի գեոպոլիտիկ նպատակները չեն փոխվել և մնացել են նույնը. հետխորհրդային տարածքում հակառուսական պլացդարմների ստեղծում և ՌԴ-ի շրջափակում ռուսաֆոբ երկրներով, իսկ Իրանի պարագայում պետության շուրջ հակաիրանական կոալիցիայի ձևավորում՝ Թեհրանի ազդեցության նվազեցում Մեծ Մերձավոր Արևելքում, շիական կիսալուսնի վրա, ինչը պետք է նպաստի Ծոցի երկրների և Իսրայելի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
ԱՄՆ-ի հակառուսական և հակաիրանական ռազմավարությունն ուղիղ հարված է ՀՀ-ի ազգային անվտանգությանը, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակից, տնտեսական գործընկեր, իսկ Իրանը Հայաստանի հարևան, բարեկամ երկիրն է, որը թույլ է տալիս մեզ, ունենալով հարավում բարեկամ երկիր, դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակմանն ու հակահայկական քաղաքականությանը տարածաշրջանում:
ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում չեն համընկնում ՀՀ-ի ազգային-պետական շահերի հետ և կարևոր է, որպեսզի ՀՀ-ն չդառնա Արևմուտք-ՌԴ և ԱՄՆ-Իրան proxy war-ի թատերաբեմը, ինչն աղետալի է լինելու թե հայկական պետականության համար, թե ավելի խոցելի է դարձնելու Արցախը:
ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Կովկասում՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքի կառուցման և հզորացման ուղղությամբ միայն խորացնում է ՀՀ-ի մեկուսացումն ու դուրս մղում Երևանը տարածաշրջանային մեգանախագծերից: