«Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»: Այս մասին հարցազրույցում ասել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Մարտի 1-ի դեպքերը դարձել են ՀՀ ներքաղաքական պայքարի միջոցներից ու նախկին իշխանությունների ամենավառ ու ազդեցիկ դեմքերի չեզոքացման լծակներից մեկը:
Այսօրվա իշխանություններն այդ դեպքերը կապում են նախկին իշխանությունների ու հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ այդ կերպ փորձելով մարտի 1-ից իրենց մեղավորության զգալի չափաբաժինը տեղափոխել նախկինների վրա ու հանրության շրջանում, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը կապել 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի հետ:
Բալասանյանը որոշակի մեսիջ է հղում և ցույց է տալիս ՀՀ-ի այսօրվա իշխանություններին, որ մարտի 1-ում առկա է ոչ միայն մեկ կողմ՝ նախկին իշխանությունները, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով, որի ակտիվ մասնիկն է կազմել այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ այսօրվա իշխանություններն՝ ի դեմս Փաշինյանի, ցանկանում են չեզոքացնել իրենց քաղաքական հնարավոր մրցակիցներին ու կոնտրէլիտաներին՝ ղարաբաղյան կլանն, ու հատկապես այդ կլանի ֆինանսա-տնտեսական ու ռազմական կորիզը, որի մի մասը գտնվում է Արցախում:
Մարտի 1-ի գործով անցնում են բազմաթիվ նախկին զինվորականներ, որոնք ունեն ղարաբաղյան արմատներ: Այդ կերպ հանրության շրջանում շատ վտանգավոր թեզ է մտցվում, որ ղարաբաղյան կլանը, ինչն արհեստական հասկացություն է, մեղավոր է ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վատ վիճակի, արտագաղթի, թալանի ու հատկապես մարտի 1-ի դեպքերի համար:
Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի առաջին հերթին իրավական օբյեկտիվ գնահատական, ինչը շատ բարդ կլինի այսօրվա ՀՀ-ում, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնացված են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ով անմիջապես մասնակցել է և անգամ դատապարտվել մարտի 1-ի գործով:
Այսինքն, այսօրվա իշխանությունների գործողությունները նախկին էլիտաների նկատմամբ դիտվելու է, որպես քաղաքական հետապնդում՝ վենդետա և այդպիսի եզրահանգնումների կարող են գալ նաև եվրոպական դատարանները, որտեղ քննվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի գործը:
ՀՀ-ի այսօրվա իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում չեն իրականացրել տնտեսական հեղափոխություն, չեն բերել բազմամիլիարդանոց ներդրումներ, ղարաբաղյան ճակատում ժամանակ առ ժամանակ կրակոցներ և զոհեր են լինում, բացի այդ շարունակվում է արտագաղթն ՀՀ-ից, ինչի մասին վկայում են վիճվարչության տվյալներն ու հանրության շրջանում առկա տրամադրությունները՝ հիասթափությունը հեղափոխությունից և դրանից բխող արտագաղթի նոր ալիքը:
Այս ամենից հանրության ուշադրությունը շեղելու համար այսօր ժողովրդին մատուցվում են ամիսներ շարունակ տևող Ռոբերտ Քոչարյանի և այլոց դատավարություններն ու բռնել-բաց թողնելու շոուները:
Մարտի 1-ի ցավալի դեպքերը դարձել են այսօրվա իշխանությունների ձեռքում ներքաղաքական պայքարի լծակ ու նախկին իշխանությունների քաղաքական ռևանշը կանխելու մեխանիզմ:
Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ապրիլյան իրադարձությունները քննող ԱԺ հանձնաժողովի ստեղծումը, որը հետապնդելու է նախկին և գործող զինվորականներին՝ Արցախի գեներալներին, ովքեր նաև տեղում ունեն մեծ ազդեցություն ու վարկանիշ, որպես նախկին դաշտային հրամանատարներ ու Արցախի հերոսներ:
Ապրիլյան պատերազմը սկսել է Ադրբեջանն, իսկ Արցախը Հայաստանի աջակցությամբ կարողացել է հետ մղել ադրբեջանական գրոհն ու հասնել նոր հրադադարի: Ապրիլյան հանձնաժողովը փորձելու է ամիսներ տևող հարցաքննությունների ու շոուների միջոցով կրկին անգամ հանրությանը շեղել առօրյա խնդիրներից ու փորձել դավաճաններ ու դավադիրներ փնտրել զինվորականների շրջանում՝ Արցախում ու ՀՀ-ում և որոշակի առումով շարունակել ճնշումներ գործադրել Սերժ Սարգսյանի նկատմամբ, քանի որ 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում նա է հանդիսացել գերագույն հրամանատարը:
Հանրության շրջանում այսօրվա ՀՀ իշխանությունները տարածում են այն սխալ թեզը, թե ապրիլյան պատերազմը պայմանավորվածությունների արդյունք է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով՝ ՌԴ-ի լուռ համաձայնությամբ: Այս առումով որոշակի հակառուսական տրամադրություններ կարող են առաջանալ, ինչը նույնպես վտանգելու է հայ-ռուսական հարաբարերություններն ու թուլացնելու ՌԴ-ՀՀ ռազմական դաշինքը, ինչը թուրք-ադրբեջանական այսօր մեկնարկած համատեղ զորավարժությունների ֆոնին առավել քան սխալ է:
Փաշինյանը պետք է զբաղվի առաջին հերթին տնտեսությամբ ու բանակով՝ պատրաստելով թե՛ ժողովրդին, թե՛ բանակը գալիք պատերազմին, քանի որ Ադրբեջանը հավատարիմ չի մնալու որևէ պայմանավորվածության և պատեհ պահն օգտագործելու է Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար:
Թավշյա հեղափոխության ավարտից հետո այլևս պոպուլիստական ռազմավարությունը պետք է հետին պլան մղվի ու իրական գործերով հանրության շրջանում պետք է փոխել տրամադրություններն ու սոցիալ-տնտեսական տխուր պատկերը: