Երևանում մենահամերգ կտա դաշնակահար Նոբույուկի Ցուջին. «Երևանյան հեռանկարների» անակնկալները
Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:
«Բացարձակ հրաշք»` ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:30-ին:
«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»,- ասել է դաշնակահարի մասին Վեն Քլայբըրնը: Իսկ Վալերի Գերգիևը ասել է. «Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն»:
Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլոք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է Իմ քայլը բարեգարծական հիմնադրամը: