VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։ Հիշեցնենք, որ նրանք ջանք չէին խնայել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը կազմակերպելու ժամանակ։ Պրոիշխանական գծի ակտիվ ջատագովն Արևմտյան Ամերիկայի Գերագույն մարմնի անդամ Վիգեն Հովսեփյանն է՝ Հրանտ Մարգարյանի հավերժ ախոյանը։ Սակայն դաշնակցականների ակտիվության փաստով առանձնապես ոգևորված չեն հայրենիքում․ երեկ ո՛չ Բյուրոյի, ո՛չ ԳՄ կազմից որևէ ՀՅԴ-ականի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ինքը հարցազրույց չի տալիս, իսկ Կիրո Մանոյանը, լսելով, որ հարցեր ունենք, անմիջապես շտապեց․ «Այդ հարցով դիմեք ԳՄ-ին»։ Փորձեցինք հասկանալ՝ ինքն ինչպե՞ս գուշակեց, թե ինչ հարցի մասին է խոսքը։ Մանոյանն անդրդվելի մնաց․ «Բոլոր հարցերով դիմեք ԳՄ-ին»»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ: Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019 թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը:
Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից:
Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Վերջինիս մտահոգել է՝ ինչ պատասխանել ԱՄՆ-ին: Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին: Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձ են արել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին: Թե ինչ կորոշի և ինչպես կպատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռ հայտնի չէ: Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու է, զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են գայթակղել ֆեյքնյուզերն ու ֆեյք էջերից տարածվող տեսանյութերը։ Ու արդեն որերորդ դեպքն է՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ֆեյք էջից տարածվող տեսանյութով է կիսվում։ Երեկվանից համացանցն այդ մասին է խոսում, որ վարչապետը բան ու գործը թողել, հավանաբար մոռացած, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է՝ դրանից բխող լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչ-որ անհեթեթ տեսանյութեր է տարածում, որտեղ իրեն են գովում։ Խոսքը, այս դեպքում, ինչ-որ անհայտ Perfect TV յութուբյան ֆեյք էջով տարածված տեսանյութի մասին է, որը վերնագրված է այսպես․ «Նիկոլի ազնիվ և հզոր պայքարը (սկիզբը հեռացվել է «Ա1+»-ի պահանջով) ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ ՇՏԱՊ ԴԻՏԵԼ»։ Եվ սա իր էջով մեծ ոգևորությամբ տարածել է անձամբ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ տեսանյութում նրա ելույթների հատվածներն են, որոնք մոնտաժված ու իրար են կպցրած Փաշինյանին ձեռնտու, նրան դրական լույսի ներքո ներկայացնող տարբերակով։ Փաշինյանն էլ իր հերթին այս տեսանյութի վերևում ավելացրել է․ «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»։ Սա իր ելույթներից վերցված արտահայտություն է, որը տեղ է գտել այդ տեսանյութում։
Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության, երբ երկրի ղեկավարի բան ու գործը մնացել է ֆեյսբուքում ֆեյք էջերից տարօրինակ տեսանյութեր տարածելը։ Իսկ ո՞վ է պատրաստում այս տեսանյութերը, ո՞վ է նման ծառայություն մատուցում վարչապետին։ Մենք պարզեցինք, որ վերոնշյալ Perfect TV էջի հետևում մի երիտասարդ է կանգնած, որն իր տանից սիրողական մակարդակով նման «նիկոլապաշտ» տեսանյութեր է պատրաստում և տարածում։ Արդյոք կառավարությունը կամ անձամբ Փաշինյա՞նն է պահում, անգամ ֆինանսավորում այս տղային, դժվար է ասել, բայց մեր տեղեկություններով՝ նրա ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է, անգամ հասցրել է ստացած եկամուտով մեքենա գնել։ Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն այս տղայի ֆեյք էջի նյութերն է տարածում, կարող ենք ենթադրել, որ այն վարչապետի ամենասիրելի ֆեյքն է։ Հ․Գ․ Այս ամենում տարօրինակն ու զավեշտալին այն է, որ ֆեյքնյուզի դեմ պայքարող Փաշինյանն ու իր թիմը այսօր ոգևորված ֆեյքնյուզ են տարածում և պրոպագանդում։ Սա խոսում է երկրի ղեկավարի ու նորօրյա իշխանության լրջության աստիճանի մասին, անհետևողականության, սեփական խոսքը չարժևորելու մասին, էլ չենք խոսում PR-ի նշաձողն իջեցնելու։ Հավելենք նաև, որ տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարության Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ն էլ իր հերթին է «ֆեյքերի ֆաբրիկա» աշխատեցնում, որ վարչապետին գովազդեն ու նրան քննադատողներին հակադարձեն»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018 թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա: Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 29-ին էլ էր Սևանը մեկ սանտիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սևանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է, բարձրանալու փոխարեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում նախորդ ամիսներին դրսևորված ընտրական ակտիվությունից հետո նախագահի թեկնածության հայտ ներկայացրած դեմքերը ներկայումս հիմնականում բավականին պասիվ փուլում են: Այնպիսի տպավորություն է, որ որոշակի սպասումներ են ձևավորվել: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ մի կողմից բոլոր թեկնածուները հասկանում են, որ նախագահական ընտրություններին ճամբարների ու բևեռների բաժանվելը շատ ծանր ուղղություն է, մեծ «շռայլություն», ուստի ընդհանուր եզրեր են փնտրում համախմբվելու ու միասնական թեկնածու առաջադրելու մասով, մյուս կողմից՝ քանի որ սեպտեմբերի 8-ին Արցախի 200-ից ավելի համայնքներում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, և նախընտրական ու նախապատրաստական գործընթացներ են տեղի ունենում, ներկայումս նախագահական ընտրությունների մասին խոսելը մի տեսակ ժամանակավրեպ է, ու նախագահի թեկնածուները մի յուրահատուկ «թայմ աութ» են վերցրել»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին ժամանում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկելու է միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն ըստ ամենայնի նշանակալի ազդեցություն կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ վեհաժողովի օրերին Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան՝ ԵԱՏՄ վեհաժողովին մասնակցելու: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է մի քանի շաբաթ առաջ Ղրղըզստանում տեղի ունեցած ԵԱՏՄ վարչապետների հավաքի ընթացքում: Առայժմ ԵԱՏՄ երկրի որևէ նախագահ և որևէ երկիր կարծես թե չի արտահայտվել այդ հեռանկարի կապակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ, որի ժամանակ խոսվել է հոկտեմբերից ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի մեկնարկի մասին:
Այդուհանդերձ, հասկանալի է, որ Իրանի նախագահ Ռոհանիի Երևան ժամանելը՝ ԵԱՏՄ վեհաժողովի ֆոնին, պայմանավորված չէ լոկ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի շուրջ առկա իրավիճակով: Հասկանալի է, որ Իրանի նախագահի Հայաստան այցն ու Երևանում փաստորեն ԵԱՏՄ-Իրան վեհաժողովի կազմակերպումը ստանում է ոչ միայն տնտեսաքաղաքական, այլ նաև ռազմաքաղաքական նշանակություն, առավել ևս՝ օգոստոսին Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովի «տեխնիկական հետաձգման» ֆոնին, միևնույն ժամանակ հաշվի առնելով ռուս-թուրքական մերձեցման ներկայիս աշխույժ փուլն ու Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմարշավ իրականացնելու մասին Թուրքիայի հայտարարությունները: Բանն այն է, որ Սիրիայում ներկայումս Անկարայի գլխավոր դիմակայող ուժը Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ երկու այս ուժերի արանքում: Եվ այստեղ իհարկե Անկարայի համար հույժ կարևոր է, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ ռուս-իրանական հարաբերությունը: Երևանում վեհաժողովը այդ իմաստով ստանում է մեծ նշանակություն, որովհետև Հայաստանի հրավերն ընդունելով ու Երևանում երկխոսելով՝ Իրանը ու փաստացի Ռուսաստանը կամա թե ակամա ընդգծում են հայկական գործոնի դերակատարումը, և սա իհարկե ազդակ է ոչ միայն Բաքվին, այլ նաև Անկարային: Պայմանավորվելո՞ւ են Իրանն ու Ռուսաստանն այդ ազդակի հարցում՝ ըստ ամենայնի կախված է Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցի արդյունքից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին և սխալ եզրակացության է հանգել։ Օրերս հայտնի դարձավ նաև, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարևում։ Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։ Ի դեպ, քննությունը կտևի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաև Յուրի Իվանյանի հեռախոսը, և կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ: Ու մինչ օրս հարց է մնում ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ: Այնուամենայնիվ այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: «Մարդ չկա, որ հարցնեմ՝ ինչու եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին՝ հարցրեք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տևական ժամանակ է՝ երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիթեք»-ի արաբ ղեկավարին»: