Ամուլսարի ծրագրի ձգձգումը կխաթարի ՀՀ ներդրումային գրավչությունը. Ամերիկայի առևտրի պալատ

62

Ամուլսարի ծրագրի ձգձգումները կարող են խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Այս մասին նշված է ՀՀ վարչապետին ուղղված Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի հայտարարությունում:


Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Մեծարգո պարոն Վարչապետ,


Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) անունից՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատեւ իրադարձությունների կապակցությամբ:


ՀԱԱՊ-ը առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. եւ այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական եւ օտարերկրյա ծագումով փոքր, միջին եւ խոշոր ընկերությունների շահերը: Մեր առաքելությունն է` Հայաստանում խթանել արտաքին եւ ներքին ներդրումների իրականացումը եւ խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորմանը:


Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար եւ իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարեւոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական եւ արտասահմանյան ընկերությունների, այլ նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման եւ ժողովրդի բարեկեցության ապահովման համար: Հենց այս համոզմունքից դրդված ՀԱԱՊ-ը վերջին 13 ամիսների ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն հանդես է եկել 2 հայտարարությամբ:


ՀԱԱՊ-ը կարեւորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միեւնույն ժամանակ տարակուսում, որ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի: Եվ սա այն պարագայում, երբ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի եւ ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին:


Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, եւ այն պարագայում, որ Դուք հաստատեցիք Լիդիան Արմենիայի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռեւս չի վերականգնվել եւ ավելին, քննարկվում է եւս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը:


Մենք կիսում ենք հասարակության բնապահպանական մտահոգությունները եւ համոզված ենք, որ ընկերությունները պետք է համապատասխանեն կայուն զարգացման ստանդարտներին: Միեւնույն ժամանակ ունենք նաեւ այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար եւ անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, եւ պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ եւ արդարացիորեն կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ:


Սա հատկապես կարեւորվում է Ձեր կողմից օրերս հնչեցված այն հայտարարության համատեքստում, որտեղ Դուք խոսեցիք այն մասին, որ Լիդիան Արմենիայի դեմ արշավը կազմակերպել եւ ֆինանսավորել են կոնկրետ բիզնես շահեր հետապնդող շահագրգիռ կողմեր: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ մենք հուսով ենք, որ այս պնդումները պատշաճ կերպով կհետաքննվեն:


Մեծարգո պարոն Վարչապետ, ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաեւ անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին եւ Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները միաժամանակ ազդարարվում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն եւ արժանանում են անարդար վերաբերմունքի:


Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը եւ կարող են կրել հարատեւ բնույթ՝ շարունակելով բացասական ազեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա եւ վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:


Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի եւ ունենա զարգացող տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը եւ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար եւ արդար հնարավորություններ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...