ԱՄՆ պաշտոնապես հետ է կանչել Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը
ԱՄՆ պաշտոնապես հետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը, գրում է ermenihaber.am-ը:
Առաջարկը հետ կանչելու՝ ԱՄՆ-ի ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն է: Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։ «Մենք Թուրքիային անընդհատ ասում էինք, որ եթե ռուսական S-400-ները մատակարարվեն, ապա Patriot-ների վերաբերյալ մեր վերջին առաջարկը հետ ենք կանչելու։ Եվ ահա Patriot-ների հարցում մեր վերջին առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Ռուսաստանն արդեն ավարտել է S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ն իր հերթին հասցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունն ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։