«Իմ քայլը» դաշինքը կարող է մասնատվե՞լ. վարչապետի նախկին խորհրդականի գրառումը
Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որի հարազատները եւս պայքարում են Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման դեմ:
«Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով:
Մերժել մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը», - ասված է նրա գրառման մեջ:
VERELQ-ն առանձին նյութով ներկայացրել է «Իմ քայլը» կառավարող դաշինքում Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի վերաբերյալ առկա հակասական տրամադրությունները:
Իշխող ուժի պատգամավորների տեսակետները հակասության մեջ են նաեւ երկրի ղեկավարի ու նրանց առաջնորդի Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ:
Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ համաձայն փորձագիտական եզրակացության Ամուլսարի հանքավայրի շահագործումը չի վնասելու Սեւանին ու Ջերմուկի ջրերին, ուստի հանքավայրը պետք է շահագործվի, Լենա Նազարյանն ու այլ պատգամավորներ տեսնում են հստակ խնդիրներ: Նրանց մտահոգությունները չեն փարատվել, ավելին՝ առաջացնել են նոր հարցեր, ուստի «զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»։