Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի եւ միջազգային ELARD ընկեության փորձաքննության եզրակացության վերաբերյալ կառավարող «Իմ քայլը» դաշինքում չկա միասնական մոտեցում: Իշխող ուժի պատգամավորների տեսակետները հակասության մեջ են նաեւ երկրի ղեկավարի ու նրանց առաջնորդի Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ:
Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ համաձայն փորձագիտական եզրակացության Ամուլսարի հանքավայրի շահագործումը չի վնասելու Սեւանին ու Ջերմուկի ջրերին, ուստի հանքավայրը պետք է շահագործվի, Լենա Նազարյանն ու այլ պատգամավորներ տեսնում են հստակ խնդիրներ: Նրանց մտահոգությունները չեն փարատվել, ավելին՝ առաջացնել են նոր հարցեր, ուստի «զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»։
Հանքը չի վնասում Ջերմուկի ու Սեւանի ջրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, ֆեյսբուքի ուղիղ եթերում օգոստոսի 19-ին անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Նա նախ ներկյացրեց խնդրի նախապատմությունը՝ վերջում նշելով, որ Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու: Ուստի նրա խոսքով, հստակ է, որ պետությունը պետք է հանքավայրը շահագործելու հնարավորություն տա «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
«Ամուլսարի հանքի շահագործումը չի պարունակում վտանգ Սեւանա լճի համար: Եթե անգամ շարժվենք ամենահոռետեսական սցենարով, որ երկրաշարժի ժամանակ Կեչուտի ջրամբարով այդ լցոնները կլցվեն Սեւանա լիճ, այդ վնասն այնքնան փոքր կլինի, որ գրեթե անհաշվելի կլինի:
Սեւանա լճի հարակից կառույցների շահագործումն ավելի մեծ վնաս է հասցնում լճին, քան Ամուլսարի շահագործումը կարող է հասցնել:
Ջերմուկի ջրերի համար Ամուլսարի շահագործումը եւս որեւէ վնաս չի լինի: Ջերմուկը մեր բրենդն է, սա նշանակում է, որ եթե անգամ չնչին վնաս լիներ, ես իքնս շահագործումը թույլ չէի տա: Սա իմ դրած պայմանն էր:
Իմ առաջադրած 2 պայմանները պատասխան ստացել են:
Հաջորդը, Որոտոն-Արփա գետերի համար սպասվող վտանգները գտնվում են կառավարելի վիճակում: «Էլարդ» ընկերությունը առաջակել է ռիսկերի մեղմման 16 միջոց, որից 10-ը Լիդիանը արդեն ներառել է իր ծրագրում:
Քննչական կոմիտեն իր կայքում տեղադրում է «Էլարդ»-ի եզրակացությունը, մենք բոլորս այն կարդում ենք եւ ականատես ենք լինում սյպիսի մի փաստի, որ «Էլարդ»-ի եզրակացության մեջ բազմաթիվ պրիտենզիաներ կան Լիդիանի նկատմամբ:
Օրինակ, Լիդիանի տարածքի ուսումնասիրումը թերի է, միջոցների եւ ծրագրերի մի մասը մասնակի է, ունեն անորոշության բարձր մակարդակ, որոշ ձեւակերպումներ թերի են: Եթե էս եզրակացության մեջ նման եզրահանգումներ կան, ձեզ մոտ հարց է ծագում՝ ո՞նց է ստացվում, որ Քննչական կոմիտեն եկել է այն եզրակացությանը, որ հանքի շահագործումը կարելի է: Երբ ՔԿ-ն ստացել է «Էլարդ»-ի եզրակացությունը, զուգահեռ ինքն աշխատել է եւ տեղյակ է եղել ամեն ինչից:
Եթե կա պնդում, որ էսինչ հաշվարկը թերի է, սա կամ նա ճիշտ չէ եւ այլն, ՔԿ-ն հրավիրում է մյուս կողմին, արդյունքում տեղի է ունենում իրավիճակի օբյեկտիվ գնահատում:
Ասում են՝ քննիչը բնապահպան չէ, որ եզրակացություններ է անում հանքի շահագործման շուրջ: Քննիչը ներգրավում է համապատասխան մարդկանց, լսում այդ մարդկանց եւ եզրակացություններ անում: Օրինակ, որ քննում են քրեական գործ բժշկական սխալի մասին, հո բժիշկ չե՞ն, բայց իրենք են քննում՝ համապատասխան մարդկանց դիմելով, մեղադրողին ու պատասխանողին լսելով:
Ես եկել եմ այն եզրակացության, որ Ամուլսարի հանքը էս պայմաններով շահագործվելու դեպքում շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական բարձր ստանդարտներով, որոնք Հայաստանում մինչ այս երբեք չեն կիրառվել: Երբ Ամուլսարի հանքը շահագործվի այսպիսի բնապահպանական ստանդարտներով, մեզ համար ակնհայտ է լինելու, որ մինչ այժմ գործող հանքերի վիճակը շատ ցածր է եղել: Էս պայմաններում ՀՀ կառավարությունը ի՞նչ պետք է անի, պետք է գնա եւ ասի բոլորին, որ պետք է ստանդարտները բարձրացվեն», - ասել է վարչապետն ուղիղ եթերում:
Վերջում նա հայտարարեց, որ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի հանքի շահագործմանը. «Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»:
Նա վերընթերցեց իր նախկին հայտարարությունն, ըստ որի՝ եթե համոզվեն, որ հանքի շահագործումը վնաս չէ, այն պետք է շահագործվի: Եվ, ըստ Փաշինյանի, իրենք պետք է կատարեն իրենց պայմանը: «Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք եւ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի», - ասաց նա:
Լենա Նազարյանի համար ELARD-ի զեկույցը հակասական է
ՀՀ վարչապետի հետ “Իմ քայլը” խմբակցության հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ հանդիմպան ժամանակ հայտնել է դիրքորոշումը և մտահոգություններն Էլարդ կազմակերպության փորձաքննության ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ:
«Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին:
Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար», - ասված է Նազարյանի Facebook-յան գրառման մեջ։
Տնտեսական ռիսկերն ավելի մեծ են
«Բնական է, որ բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, փորձաքննությունն էլ այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։
«Մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր չկան, մի մասն էլ կարող է գտնել, որ շատ խնդրահարույց է, նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն, բայց վերջնական որոշում այդ հարցում դեռ չկա»,- նշեց նա։
Թունյանի կարծիքով, եթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, այսինքն հիմքեր, որոնցով հնարավոր կլինի արբիտրաժի դեպքում այդ դատը շահել, միանշանակ պետք է շահագործվի։
«Պետք է նկատի ունենանք, եթե այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, թույլ չենք տալիս, որ շահագործվի, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները վերցնել»,- ասաց Թունյանը։
Ինչ վերաբերում է սրա հետևանքներին ներդրումների վրա՝ նա ասաց. «Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողների համար։ Եթե որոշվի, որ հանքը պետք է փակվի, ուրեմն նշանակում է, որ ցանկացած ուրիշ ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել։ Միգուցե ես ավելի շատ տնտեսական ռիսկն եմ տեսնում, բայց ինձ համար տնտեսական ռիսկերն այս պահին շատ ավելի մեծ են ու ավելի կանխատեսելի, քան բնապահպանականը»։
Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը եւս խնդիրներ է տեսնում. «Ժառանգել ենք մի ծրագիր, որը ոչ միայն բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլ նաեւ էապես քաղաքական է, միջազգային բազմաթիվ գործընկերների շահերի բախման կիզակետում` ներդրումային միջավայրն ու վարկանիշը վնասելու լուրջ վտանգներով։
Բայց այս ամենին ԵՐԲԵՔ չի կարող ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ Հայաստանի ազգային ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, իսկ բնապահպանական անվտանգությունը, հատկապես ջրային ռեսուրսների թեկուզ հնարավոր նվազագույն վնասը, ազգային անվտանգության առանցքային դրույթ պետք է լինի։ Որեւէ որոշում կայացնելուց առաջ, հետագայում նաեւ որեւէ նոր հանքի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է վերափոխենք ոլորտը կարգավորող ողջ իրավական ու գործառնական համակարգը, վերանայենք ընդերքօգտագործման քաղաքականությունը, ռազմավարությունն ու սկզբունքները, նոր միայն ձեռնամուխ լինենք այս հարցերի քննարկմանը։
Մի քանի նախնական դիտարկում.
1. Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք, դա դարձնողներ ու դրա վրա քաղաքական դիվիդենտներ վաստակողներ անշուշտ կլինեն, սակայն իրապես մտահոգ քաղաքացիները լուծումը կտեսնեն խնդիրների մանրամասն քննարկման, ռիսկերի, այդ թվում նաեւ արբիտրաժում հնարավոր կորուստների վերացման շուրջ մոբիլիզացիայի ճանապարհով, ի վերջո, վստահ եմ, որ կասկած չունեք, որ բոլորիս նպատակը մեր պետական, հանրային գերակա շահի պաշտպանությունն է։
2. ԷԼԱՐԴի զեկույցը` նշված բոլոր ռիսկերով, մեծ հաշվով նորություն չէր, քանի որ տարիներ առաջ նշված ռիսկերի մասին պարբերաբար միջազգային փորձագետները հնչեցնում էին, բայց կարեւոր է, որ կրկին հստակ շեշտվում է, որ ՇՄԱԳում բազմաթիվ թերացումներ են առկա, հատկապես ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ԹԱԴ_երի հետեւանքների ուսումնասիրության մասով։
3. Զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2016-ին դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳում կարեւորագույն փորձաքննություններ տեղ չեն գտել, կամ չեն իրականացվել պատշաճ կերպով, որն էլ հենց խիստ կասկածի տակ է դնում քրեական գործի կարճման հնարավոր որոշումը։
4. Թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) -ի հետեւանքների մասով ուսումնասիրության լուրջ թերացումների խնդիրը ներկայացվում է նաեւ այս զեկույցում, իսկ ԹԱԴ-ը ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ բնապահպանական խնդիրներից է, փակված, լքված հանքերում և հանքավայրերում եթե անգամ հնարավոր է լինում բնապահպանական աղետը վերացնել, ապա ահռելի, միլիարդավոր դոլարների ծախսմամբ միայն։
5. Զեկույցը հստակ շեշտում է նաեւ, որ հետփակման ընթացքի, տեխնիկական սպասարկման եւ մոնիթորինգի վերացման համար Լիդիանը ընդամենը հինգ տարի է նախատեսել, մինչդեռ վնասները հարյուրամյակներ են լինելու, սա նաեւ միջազգային պրակտիկայում առկա խնդիր է, մեծ է ռիսկը, որ հանքի փակումից հետո ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Ըստ միջազգային փորձագետների, միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակները փաստում են, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Առկա նախադեպերը հուշում են, որ եթե ՀՀ-ն հետագայում ստանձնի հետեւանքների վերացման բեռը, ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են էապես գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:
6. Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է, որի վերաբերյալ այս զեկույցում հստակ ներկայացված են բազմաթիվ ռիսկեր, սա կենսական հարց է, նորից եմ շեշտում ազգային անվտանգության խնդիր, որի բոլոր վտանգները հնարավորինս բաց, թափանցիկ, առանց հուզականության ու շահարկումների պետք է քննարկենք, նոր միայն որոշում կայացնենք», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։
Միջանկյալ կարծիքս է, որ հանքը չպետք է բացվի
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը եւս մտահոգություններ ունի ու դեմ է հանքի շահագործմանը: «Ուշադիր կարդացի (ես աբսոլյուտ դիլետանտ եմ) «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: 4-րդ գլուխը՝ երկու անգամ:
Այս պահին արդեն ունեմ ձևավորված միջանկյալ կարծիք, քանի որ ունեմ հարցեր: Միջանկյալ կարծիքս է, որ հանքը չպետք է բացվի: Նորից շեշտեմ, որ սա միջանկյալ կարծիք է, ըստ այդմ՝ կարող է նույնը մնալ, կարող է և՝ փոխվել տարբեր պարզաբանումներից հետո, այս կարծիքը նաև կապ չունի հանքարդյունաբերության մասին իմ կամ իմ թիմի ընդհանուր պատկերացումների հետ ու չի ձևավորվել որևէ ճնշման հետևանքով:
Խնդրով երկար զբաղված սիրելի #saveamulsar-ականներ (մարդկանց պայմանական խումբ, որոնք թվային միջավայրում ապահովում են հանրության տվյալ կարծիքի ներկայությունը), խնդրում եմ ինձ ողողել մասնագիտական և փորձագիտական բացատրություններով», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ: