ՌԴ-ն մերժել է Միհարն Պողոսյանին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդության բավարարումը
ԴԱՀԿ նախկին տնօրեն Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել: Այս մասին Facebook-յան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
ՌԴ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածի համաձայն՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերում, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Խաչատրյանի հաղորդմամբ՝ այս դեպքում, այսինքն՝ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ ռուսական կողմը հստակ տեղեկատվություն չի ներկայացրել: Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկել է ՌԴ գլխավոր դատախազությանը տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Միհրան Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։