Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ»-ի Արտակին հարցաքննության են հրավիրել. ՔԿ
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին («ՍԱՍ»-ի Արտակ) երկրորդ անգամ ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա հարցաքննության։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ հունիսի 5-ին Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում Սարգսյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանում Արտակ Սարգսյանի և այցելուներից մեկի միջև բանավեճ է եղել, որի ընթացքում գործարարին հարվածել են: Նշվում է, որ ռեստորանում է եղել նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Արտակ Սարգսյանը կանչել է իր թիկնապահներին, որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանները:
Ոստիկանությունից տեղեկացել էր, որ Արտակ Սարգսյանը նյութերի նախապատրաստման փուլում ներկայացել է բացատրություն տալու։ Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։