25.11.2024
Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ»-ի Արտակին հարցաքննության են հրավիրել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվի, անգամ օրակարգ չի մտնի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել․ մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա։ Ավելին, անգամ ԱԺ օրակարգ չի բերվի։ Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու գենի» հետ կապված նուրբ հարցերը։ «Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ի՞նչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ի՞նչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանական պատգամավորներից մեկը։ Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան։ Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային։ Եվ նրանք չեն էլ թաքցնում դա։ Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի։ Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի սահմանադրությանը։ Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված։ Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը»։


«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը: Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշ­ակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրակա­նության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ին­չի մասին եմ ես գրում [թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որքան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահնե­րը և ներկայիս վարչապետը: Կա՜մ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ: Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հան­ցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշ­յալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրա­պես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին:


Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերո­սին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գու­ցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարու­թյան համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առող­ջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում: Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ և իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին և շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին): Բնակա­նաբար, չեմ կարող և չեմ կարող լինել նաև մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան և դատավարությունը շարունակվի: Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ըն­դունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե´ տարիքը և թե´ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների և արդարացածների դաշտ, կարծում եմ, իմ առաքելությունը չէ: Չէ, ինձ մոտ չի ստացված բանավեճ բորբոքել»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ։ Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երեւանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար։ Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա։ Հատկապես, որ Մայիլյանը կարող է արժանանալ նաեւ գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը եւ շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդիպումից հիասթափված էլեկտորատին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ-ում լուրջ ներքին դժգոհություն է ձեւավորվում: Պատճառն այն է, որ նախարար Մնացականյանը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում՝ փոխնախարարից մինչեւ բաժնի պետ ու դեսպան: Եթե նախարարի «հավատարիմը» չես, ապա լուրջ խնդիրներ ունես կարիերային աճի հարցում: Նախարարի բոլոր տեղակալներն իր ընկերներն են: Նույնն էլ՝ դեսպանների, վարչության պետերի պարագայում: Դժգոհները չեն բացառում, որ փակ նամակով կդիմեն վարչապետին, քանի որ Նալբանդյանի ու Մնացականյանի ժամանակների միջեւ էական փոփոխություն չկա, ու ԱԳՆ-ում «հեղափոխություն չի եղել»: Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնյաները, եւ որքանով են արդարացի այն դժգոհությունները, որ Մնացականյանն իր մերձավորներին է նշանակում։ Մեզ պատասխանեցին․ «ԱԳՆ-ն մասնագիտական կառույց է՝ բաղկացած հիմնականում դիվանագիտական ծառայողներից: Նման հարցադրումն անտեղի է հենց այն պարզ պատճառով, որ ԱԳ նախարարը, շուրջ 3 տասնամյակ աշխատելով ԱԳՆ համակարգում, համատեղ աշխատանքի եւ միասին դիվանագիտական ճանապարհ անցնելու շնորհիվ լավագույնս ծանոթ է դիվանագիտական անձնակազմին։ Որոշման ընդունման գործընթացն ԱԳՆ-ում ներառական է, որին, ըստ պաշտոնի, մասնակցում են նաեւ համապատասխան ստորաբաժանման ղեկավարները եւ ներկայացուցիչները։ Համոզված ենք, որ դիվանագիտական ծառայության էությունը խեղաթյուրող եւ սին պնդումներն արժանի չեն ո՛չ մեր, ո՛չ էլ չորրորդ իշխանություն հանդիսացող անաչառ լրագրության ուշադրությանը»: