25.11.2024
Իրավիճակը սահմանին հանգիստ է, վերահսկելի. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Իշխանությունը ՍԴ դատավորներին բացահայտ կաշառք է առաջարկում հրաժարականի դիմաց. Չալաբյան

Ես նախկինում առիթ էի ունեցել առաջարկել իմ պատկերացրած լուծումները Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկելով փոխել Սահմանադրության 213 հոդվածը, և ֆիքսված պաշտոնավարման ժամկետ սահմանել բոլոր դատավորների համար, սա արդարացի ելք կլիներ այսօր առաջացած երկիմաստ վիճակից։ Դրա փոխարեն, գործող իշխանությունը որոշել է գնալ բացարձակ անհավանական տարբերակով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին բացահայտ կաշառք առաջարկելով կամավոր հրաժարականի դիմաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:


«Օգոստոսի 9-ին E-draft կայքի վրա հայտնվել է «Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ վիճահարույց դրույթների, որոնք հնարավորություն են տալիս տարբեր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ, ունի այսպես կոչված «Անցումային դրույթներ», որը ներկայացնում եմ ամբողջությամբ.


«7․ Անցումային և եզրափակիչ դրույթներ 1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»:


Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ, և դա փորձում է անել մի իշխանություն, որն անընդհատ խոսում է կոռուպցիայի բացառման մասին, սակայն հիմա մեր բոլորի վճարած հարկերի հաշվին, փորձում է կաշառել Սահմանադրական դատարանի գործող դատավորներին»,- գրել է Չալաբյանը։