Հայաստանի վարչապետը հստակ հայտարարություն է արել, ըստ որի, Արցախում պետք է տեղի ունենան ժողովրդավարական թափանցիկ ընտրություններ, որոնց ընթացքում պետք է բացառվի բռնությունը և օրենքից դուրս ցանկացած քայլ։ Այս մասին հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վերջինս նաև նշել է, որ թույլ չեն տալու Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ Արցախում որևէ սպառնալիք առաջանա։
«Թույլ չենք տալու Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ Արցախում որևէ սպառնալիք կամ հակաիշխանական ուժեր ձևավորվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների դեմ շարժում կամ քայլ արվի»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը հստակ մեսիջ է հղում Փաշինյանին, որ նա կարող է աշխատել Երևանի հետ և լոյալ լինել Փաշինյանին ու նրա թիմին և պատրաստ է պայքարել այպես կոչված հակահեղափոխական ուժերի դեմ:
Ակնհայտ փորձ է արվում Արցախում հակահեղափոխական ուժերը կապել Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Փաշինյանին ձեռնտու չէ Բաբայանին տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, քանի որ վերջինս, նախ, ենթարկվող տեսակ չէ և հստակ առաջ է տանելու Արցախի ազգային, պետական շահերն ու թույլ չի տալու բանակցությունների միջոցով Ադրբեջանին հանձնել հողերը՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Արայիկ Հարությունյանը նշում է, որ Արցախում պետք է տեղի ունենան արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ՝ դա է Փաշինյանի պահանջն ու իբր Փաշինյանը չունի նախընտրելի թեկնածու Արցախում: Սակայն Արցախում Փաշինյանին ձեռնտու է ունենալ վերահսկելի նախագահ, ինչպիսին կլինի Հարությունյանը, որպեսզի ո՛չ ՀՀ ներսում, ո՛չ Արցախից այսօրվա հայաստանյան իշխանությունները վտանգ չզգան իրենց իշխանությանն ու կյանքի կոչեն իրենց ծրագրերը:
Թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում հակահեղափոխական ուժերին փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, որոնց իբրև թե աջակցում է Մոսկվան, սակայն իրականում ՌԴ-ն չի միջամտում ՀՀ-ի ու առավել ևս Արցախի ներքին գործերին: Փաշինյանը ՀՀ-ում սկսել է վհուկների որսն ու ցանկացած քննադատություն իր հասցեին փորձում է կապել ինչ-որ մութ ուժերի հետ կամ փնտրում է, այսպես կոչված, 5-րդ շարասյունները, որոնք, սակայն, իրականում առկա չեն ոչ ՀՀ-ում և ոչ էլ Արցախում:
Փաշինյանը բավականին լարված հարաբերություններ ունի Վիտալի Բալասանյանի հետ, որը ևս նախագահի հնարավոր թեկնածու է և քննադատել էր Փաշինյանի վերելակային բանակցություններն Իլհամ Ալիևի հետ:
Բաբայանը, Բալասանյանը և այլ ռազմական ղեկավարներ, որոնք անցել են պատերազմով, նախընտրելի թեկնածուներ չեն կարող լինել Փաշինյանի համար, որը ցանկանում է ունենալ Արցախում այնպիսի նախագահ, որի վրա կլինեն բազմաթիվ կոմպրոմատներ՝ բիզնեսների, կապիտալների հետ կապված, որպեսզի Երևանից հեշտությամբ կարողանա կառավարել գործընթացներն Արցախում: