ՀՀ-ին 3 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի․ ֆինանսավորվելու են փորձագիտական ծառայություններ
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։
Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար, իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։
Ստորագրման ավարտին ՎՎԲ կողմը ևս մեկ անգամ ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։