Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են, առգրավել համակարգիչը. ՀՔԾ-ն հաստատեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Հայաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող այս լուրերը հաստատեցին ՀՔԾ-ից:
Միևնույն ժամանակ ՀՔԾ-ից չմանրամասնեցին, թե քրեական ի՞նչ գործի մասին է խոսքը։
Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նրա մոտ սահմանադրականության հետ կապված հարցեր էր առաջացրել։ Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։
Այսօր Politik.am-ը գրել է, որ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կապարակնքել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։