25.11.2024
Հերթական պաշտոնյան լքեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:


«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:


Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրոպական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:


Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է վարչապետի ուղերձում։


Անգելա Մերկելին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


«Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում:


Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից:



Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետևողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ և բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը:


Հավատացած եմ, որ հետագայում ևս հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:


Նախագահ Արմեն Սարգսյանը Անգելա Մերկելին մաղթել է առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ: