Բակո Սահակյան և Սեյրան Օհանյանը քննարկել են իրավիճակը հակամարտության գոտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայություից, հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ Օհանյանն աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում: Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի
դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ:
"Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր", - ասված է հաղորդագրության մեջ:
Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ երեք զինծառայողներ, ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածությունը հայ-ադրբեժանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ աճել է: Զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները զուգորդվում են հակամարտող կողմերի Զինված ուժերում կորուստներով: Հունվարին կոնֆլիտի գոտում լարվածության աճից հետո համանախագահնները հանեդս եկան հայտարարությամբ՝ կոչ անելով Բաքվին կատարել հանձնառությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ: