25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սորոնբայ Ժենբեկովի հետ
prev Նախորդ նորություն

Կասկածից վեր է՝ ՀՀ-ից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


«Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում:


Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է: Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը և ցանկությունը՝ ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված, մտածված և հետևողական քայլեր: «Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը: Եվ սա պետք է խոստովանել: Բայց մյուս կողմից, մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ և կարողանան մրցակցել իրար հետ և միջազգային իրենց մրցակիցների հետ: Դա մեզ համար աներկբա է: Մենք պետք է հաշվարկված, մտածված և հետևողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը: Ես համարում եմ, որ այսօրվա քննարկումը այդպիսի ճանապարհի մեկնարկն է»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:


Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը: Փաստաթղթում ներառվելիք միջոցառումներն ու ծրագրերը հիմք կծառայեն քաղաքացիական ավիացիայի և վերաբերող ոլորտներում իրականացվող քաղաքականության մշակման, պետական մարմինների իրավասությունների, պատասխանատվության ոլորտների և գործառույթների հստակեցման, իրավական դաշտի բարեփոխման և կոնկրետ գործողությունների պլանի մշակման համար:


Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները հայեցակագի նախագծի վերաբերյալ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:


Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: