Հաշվառել ԶԼՄ-ները՞, թե՞ ոչ. նոր օրենսդրական կարգավորումներ են մշակվել
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որեւէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել:
Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված եւ չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու:
Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որեւէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար եւ սպասում է կառուցողական առաջարկների:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու եւ մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար»: