23.11.2024
ԱԺ-ին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. գործը քննում է ոստիկանությունը
prev Նախորդ նորություն

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում թույլ չեն տվել ՀՀ դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնել

Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: 


«ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում: Այսպիսով, երեկ և այսօր ադրբեջանցիների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում կազմակերպվել է նման երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերին, իսկ այսօրվա միջոցառումը՝ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներին: Երկու դեպքում էլ ադրբեջանական լրատվամիջոցները իրականացնում էին լուսաբանում։ Միջոցառումներին ներկա եմ գտնվել նաև ես և հակադարձել ադրբեջանական պնդումներին։ Քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն լուսաբանի հայկական կողմի՝ իրենց ստերը բացահայտող փաստարկները, ինքս կներկայացնեմ դրանք:


Երեկ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր խոսել, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում փախստականների հարցում։ Բանախոսների թվում էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Բնականաբար, հիմնական շեշտադրումներն ուղղված էին ոչ թե փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը ներկայացնելուն, այլ՝ Հայաստանի դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնելուն: Ի պատասխան՝ ես և տիկին Նաիրա Զոհրաբյանը, մերժելով Ֆուադ Հուսեյնովի ելույթի բովանդակությունն իր ամբողջության մեջ՝ որպես կեղծ և հակամարտության բնույթը խեղաթյուրող, շեշտեցինք, որ անթույլատրելի է նման միջոցառումների կազմակերպումը, որտեղ ներկայացվում է միայն ադրբեջանական կողմը, մինչդեռ հակամարտության մյուս կողմերը՝ Արցախը և Հայաստանը իրենց համապատախան պաշտոնյաներով ներկայացված չեն:


Երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված այսօրվա միջոցառումը կազմակերպել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Ներկա էր նաև դիվերսանտներից մեկի որդին: Միջոցառմանը հուզական երանգ հաղորդելով՝ ներկայացրին նրանց հանդեպ ցուցաբերված իբրև թե դաժան վերաբերմունքը, Հայաստանի հասցեին հնչեցրին ստանդարտ մեղադրանքներ, ներկայացրին ստահոդ տեղեկություններ, ցուցադրեցին նաև տեսանյութ:


Վերջում խոսք խնդրեցի և նշեցի, որ սա ոչ թե «մարդասիրական» գործ է, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են, այլ՝ քրեական։ Շեշտեցի, որ անթույլատրելի են նման շահարկումները Եվրոպայի խորհրդում, անթույլատրելի են հանցագործներին հումանիտար համատեքստում ներկայացնելու փորձերը: Ներկաներին տեղեկացրի, որ դիվերսանտների գործողությունների հետևանքով 2 անձ է զոհվել, որոնցից մեկը՝ 17-ամյա պատանի, մեկ կին վիրավորվել է: Նշեցի, որ դրա հետ մեկտեղ Կարմիր խաչը մշտական մուտք ունի և պարբերաբար այցելում է նրանց:


Հավելեցի, որ մենք թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր և կոչ արեցի դադարեցնել մարդասպանների հերոսացումները և նոր «սաֆարովների» ստեղծումը: Եզրափակեցի՝ հորդորելով, որ մարդու իրավունքների խախտումներ փնտրեն սեփական երկրում, որտեղ դրանց պակասը չկա, քանի որ բազմաթիվ մարդիկ բանտերում են իրենց այլախոհ հայացքների պատճառով»,- գրել է պատգամավորը: