25.11.2024
ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում
prev Նախորդ նորություն

Արցախում բլից-կրիգը բացառված է

Հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները, սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու եւ մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը:


Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում իրականացնելով բազմաթիվ զորավարժություններ՝ դրանց քողի տակ կարողացել է հարվածային խմբավորում ստեղծել Արցախի սահմանների երկայնքով: Այդ կերպ նրանք փորձել են հնարավորինս քողարկեն իրենց զորքերի տեղաշարժը դեպի Ղարաբաղ ու օգտագործելով վերելակային դիվանագիտության հնարավորությունները՝ պահպանել խաղաղությունն ու չկրակելով ինժեներական աշխատանքներ կատարել և ստեղծել հարվածային պլացդարմներ Արցախի դեմ նոր պատերազմում:

Հարությունյանը հայտարարել է, որ ՊԲ անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու հնարավորությու ունի, այսինքն ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն ապագա պատերազմում արդեն չի աշխատելու՝ բլից-կրիգ չի ստացվելու, քանի որ հայկական կողմերը վերահսկում են օպերատիվ խորության վրա ադրբեջանական զորքերի տեղաշարժը: Սակայն այս պարագայում մեծանում է լոկալ մարտերի և հատուկ ջոկատայինների մասնակցությամբ դիվերսիաների հավանականությունը, քանի որ Ադրբեջանը կուտակել է բավականին մեծ քանակությամբ զորքեր Արցախի շուրջ, ինչը թույլ կտա իրականացնել լոկալ՝ տեղային մարտեր ցանկացած ուղղության վրա:


Ամենակարևորն այս պարագայում այն հանգամանքն է, թե Բաքուն արդյոք պատրաստ է դիմել լայնածավալ պատերազմի, երբ անսպասելիության գործոնն այլևս չկա: Այսինքն, եթե մեծ քանակության զորք, զինտեխնիկա Ադրբեջանի խորքից տեղաշարժվի դեպի Արցախ, ապա հայկական կողմը կարող է կանխարգելիչ հարված հասցնել՝ թույլ չտալով, որպեսզի այդ զորքերը հասնեն առաջին գիծ: Ադրբեջանի համար դա ցանկալի սցենար չի: Այն ունի քաղաքական և տնտեսական մեծ ռիսկեր Ադրբեջանի համար, քանի որ պարտությունը մեծ, լայնածավալ պատերազմում կնշանակի կապիտուլյացիա և Ադրբեջանում քաղաքական իշխանության տապալում:


Այս ամսվա ընթացքում Մինսկի խումբը փորձելու է հանդիպումների միջոցով կողմերին զերծ պահել մեծ պատերազմից, սակայն լոկալ մարտերն ու դիպուկահարների պատերազմն արդեն իսկ ընթացքի մեջ են: Ադրբեջանը չի կարող չկրակել, քանի որ դա է պահանջում ներքաղաքական իրավիճակն ու հասարակությունը: Ադրբեջանի իշխանությունները խոստացել են արագ հետ վերադարձնել Ղարաբաղն ու հասարակության մոտ ստեղծել մաքսիմալիստական տրամադրություններ՝ վերջերս ուժեղացնելով նաև ռազմական հռետորաբանությունը:


Հայկական կողմերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի, այդ թվում՝ երկրորդ ճակատի բացում թիկունքում՝ Նախիջևանի պլացդարմ, ինչպես նաև լոկալ ճակատների բացում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ Տավուշ, Գեղարքունիք և այլն: